Չեք հասցնի նույնիսկ թարթել․ Mitsubishi-ի ռոբոտը Ռուբիկի խորանարդը լուծելու արագության նոր ռեկորդ է սահմանել

29 մայիսի, 2024  10:15

Ճապոնական Mitsubishi Electric ընկերության մշակած ռոբոտը հայտնի գլուխկոտրուկը՝ Ռուբիկի խորանարդը հավաքելու արագության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել։ Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ ռոբոտը գլուխկոտրուկը լուծել է ընդամենը 0,305 վայրկյանում՝ նախորդ ռեկորդը գերազանցելով 0,075 վայրկյանով, տեղեկացնում է The Independent-ը։

Անցյալ տարվա հունիսին Կալիֆոռնիայում կայացած մրցույթի ժամանակ կորեական ծագումով ամերիկացի Մաքս Պարկը խորանարդը լուծել էր 3,13 վայրկյանում։ Իսկ Mitsubishi Electric-ի նոր ռոբոտն այս առաջադրանքը փաստացի կատարել է ընդամենը 0,305 վայրկյանում՝ մոտ այնքան ժամանակում, որքան մարդուն անհրաժեշտ է աչքերը թարթելու համար:

Ըստ մշակողների՝ այս արդյունքը ձեռք է բերվել կոմպակտ և հզոր սերվոշարժիչների կիրառման շնորհիվ։ Դրանք ռոբոտին թույլ են տալիս խորանարդը 90 աստիճանով պտտել ընդամենը 0,009 վայրկյանում։ Այնուամենայնիվ, խորանարդի ֆիզիկական հնարավորություններն ինքնին սահմանափակում են այս ցուցանիշի հետագա բարելավումը, քանի որ մեծ արագության դեպքում խորանարդի տարրերը խցանվում են և կոտրվում:

Ըստ ընկերության ավագ մենեջեր Յուջի Յոշիմուրայի՝ գլխավոր նպատակը եղել է ցուցադրել Mitsubishi-ի տեխնոլոգիական հնարավորությունները՝ ստեղծելով բարձր արագությամբ, բարձր ճշգրտության էլեկտրական շարժիչներ, որոնք օգտագործվում են ընկերության շատ արտադրանքներում:

Վերջին տարիներին ռոբոտաշինությունը հսկայական թռիչք է կատարել իր զարգացման գործում: Դեռևս 2009-ին ռոբոտի կողմից Ռուբիկի խորանարդը լուծելու նվազագույն ժամանակը եղել է մեկ րոպե 4 վայրկյան: Եվ հիմա՝ ընդամենը 10 տարի անց, ռոբոտն այս գլուխկոտրուկը կարողանում է լուծել 200 անգամ ավելի արագ:


 
 
 
 
  • Արխիվ