Միջոցառումները պետք է լինեն ժամանակավոր, անձամբ դեմ եմ օրենսդրական փոփոխություններին․ փոխվարչապետը՝ ՏՏ ոլորտին պետական աջակցության մասին

16 նոյեմբերի, 2022  20:15

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ դեմ է օրենսդրական և ֆիսկալ փոփոխություններին, որոնք կմեղմեն արտարժույթի արժեզրկման հետևանքով ֆինանսական դժվարությունների առաջ հայտնված ՏՏ ոլորտի ընկերություններին։ Փոխվարչապետն այս մասին հայտարարեց Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հարցի, թե ինչ քայլեր են ձեռնարկվում կառավարությունում՝ փոխարժեքի տատանման արդյունքում ՏՏ ոլորտում ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ:

Մհեր Գրիգորյանը, այդուհանդերձ, համարում է, որ խնդիրը պետք է լուծում ստանա, և ՏՏ ընկերությունների առջև ծառացած խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները պետք է ժամանակավոր բնույթ կրեն։

«Ինչ խոսք ցանկացած վաստակ կամ հասույթ, որն ստացվում է արտարժույթով այս իրավիճակում նեգատիվ ազդեցություն է թողնում թե՛ վաստակի վրա,  և թե՛ հասույթի վրա, նույնիսկ վաճառքներից ստացած հասույթի։ Եվ այս խնդիրը իրոք պետք է լուծում ստանա»,– ասաց նա՝ հավելելով, որ այս պահին e-draft-ում դրված է կառավարության կողմից մշակված միջոցառումների նախագիծը, իսկ եթե դրված էլ չէ, մոտ օրերս կդրվի:

«Այն վերաբերում է դրամով արտահայտված վաստակի անկման հատուցման միջոցառմանը, որը, ըստ էության, և կարծում եմ՝ ժամանակավոր պետք է լինի ամեն դեպքում: Բայց ես կցանկայի մեկ այլ բան ասել, որովհետև, այնուամենայնիվ վաստակի պարագայում մարդիկ հաշվում են դրամով և խոսում են նվազեցման մասին, բայց չեն խոսում, որ դրան զուգահեռ գների աճը, որը պետք է տեղի ունենար ներմուծվող ապրանքների հետ կապված, չի աճել: Եթե եկամուտների մասով կա անկում մարդկանց մոտ, եթե կոնկրետ անհատների մասին ենք խոսում, պետք է ասել նաև, որ ծախսերի մասով չկա գների աճ, այնպիսին, որն այսօր կա աշխարհում, որովհետև մեր հարևան երկրներում ինֆլյացիոն ճնշումները շատ ավելի բարձր են, քան Հայաստանում»,– ասաց նա:

«Բայց էլի խնդիր չկա, չեմ ուզում, որ հավելյալ էֆեկտներով այդ խնդիրը կոմպենսացված համարենք, և կարծում եմ, որ Ձեր կողմից նշված ոլորտում իրոք պետք է իրականացնենք միջոցառումներ։ Բայց ես անձամբ ․․․ ես չգիտեմ ինչով կավարտվի վերջնական քննարկումը, բայց օրենսդրական փոփոխություններին, որոնք պետք է այդ ադապտացիոն ֆունկցիան կատարեն, ես անձամբ դեմ եմ։ Եվ ֆիսկալին էլ եմ դեմ։ Չի՛ կարելի նման դեպքերում հարկային փոփոխություններ անել,և չի՛ կարելի օրենսդրական ֆունդամենտալ փոփոխություններ անել։ Միջոցառումով, ես կարծում եմ, կօժանդակենք և կկոմպենսացնենք տվյալ կորուստը, բայց՝ ճիշտ թիրախով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ավելի վաղ ահազանգ էին բարձրացրել, որ ՏՏ ընկերություններն արտարժույթի արժեզրկման հետևանքով լուրջ խնդիրների են բախվում, որոշ ընկերություններ կրճատել են անձնակազմը, որոշ ընկերություններ նույնիսկ փակվել են։ Նրանք կառավարությանը մեղադրել էին ՏՏ ընկերություններին օժանդակելու հարցում դանդաղկոտություն ցուցաբերելու մեջ։

NEWS.am Tech-ի հետ զրույցում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) վարչության անդամ, Earlyone և LimeTech ընկերությունների տնօրեն Գեւորգ Սաֆարյանն ասել էր, որ կառավարությունն անտեսում է ՏՏ ընկերություններին աջակցելու նպատակով սեպտեմբերից մինչև դեկտեմբեր դրանց եկամտահարկը վերադարձնելու մասին Էկոնոմիկայի նախարարության նախագիծը և արդեն երկու ամիս է՝ կառավարությունից պատասխան չկա։  

Ավելին, նա ասել էր, որ նախագիծը, եթե նույնիսկ վերջնականապես իրականացվի, գլոբալ առումով չի լուծի խնդիրը, քանի որ խոսքը 25% կորստի մասին է, իսկ եկամտահարկի վերադարձը, որը նախատեսված է 4-5 ամսով, կթեթևացնի կորուստների միայն 10-15%-ը։ Ըստ նրա՝ հարկավոր է կիրառել ավելի երկարաժամկետ միջոցառումներ։

«Կարող են լինել երկարաժամկետ ծրագրեր, օրինակ՝ հարկային արտոնությունների տեսքով։ Օրինակ՝ Ռուսաստանում հարկերն իջեցվել են, որպեսզի թույլ չտան, որ ՏՏ ընկերությունները հեռանան երկրից։ Հայաստանից նույնպես շատ ընկերություններ կարող են հեռանալ՝ նախ անբարենպաստ պայմանների պատճառով, երկրորդ՝ կրճատումների պատճառով, որոնք կհանգեցնեն նրան, որ մարդիկ կսկսեն աշխատել արտասահմանյան ընկերություններում և հեռանալ հարկային դաշտից»,- ասել էր։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանն իր հերթին NEWS.am Tech-ին ասել էր, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը փրկելու համար նախ պետությունը պետք է շատ արագ արձագանքի, քանի որ այս ամիսներին շատ ընկերություններ անդառնալի կորուստներ են կրել, այդ թվում կորցրել են հաճախորդներ, որոնց հետ տարիներ շարունակ աշխատել են: Որպես երկարաժամկետ լուծում նա նշել էր հեջավորումը, որը, ըստ նրա, առաջիկա տարիների համար գոնե որոշակի կայունություն կապահովի տեղական կազմակերպությունների համար:


 
 
 
 
  • Արխիվ