Apple-ը զրկվել է սմարթֆոնների առաջատար արտադրողի իր տիտղոսից. ո՞վ է զբաղեցրել նրա տեղը

9 ապրիլի, 2024  16:23

Apple-ը զրկվել է սմարթֆոնների առաջատար արտադրողի տիտղոսից. այժմ՝ 2024-ի փետրվարի դրությամբ ընկերության տեղը զբաղեցրել է Samsung-ը, որը վաճառել է 19,69 միլիոն սմարթֆոն, ինչը լավագույն արդյունքն է բոլոր գոյություն ունեցող ապրանքանիշերի շրջանում։ Այս մասին հայտնում է The Korea Times-ը՝ հղում անելով Counterpoint Research վերլուծական ընկերության տվյալներին։

Կայքի տվյալներով՝ Samsung-ի մասնաբաժինը Եվրամիությունում մնում է 34%-ի սահմաններում, իսկ ընկերությունը շարունակում է մնալ առաջատարի դիրքերում։ Ընկերությունը նաև գրանցել է առաքումների զգալի աճ ԱՄՆ-ում, որտեղ երկար ժամանակ գերիշխող դիրք ունի Apple-ը. 2024-ի հունվարից փետրվար Samsung-ն իր մասնաբաժինը ԱՄՆ շուկայում ավելացրել է 20-ից մինչև 36%, մինչդեռ Apple-ի մասնաբաժինը ԱՄՆ-ում նվազել է 64-ից մինչև 48%:

Մինչև վերջերս Apple-ը համարվում էր սմարթֆոնների համաշխարհային շուկայում առաջատար բրենդը, որը 2023-ի սեպտեմբերին գրավեց առաջին տեղը՝ 13 տարվա մեջ առաջին անգամ առաջ անցնելով անելով Samsung-ից։ Այժմ ամերիկյան ապրանքանիշը տեղափոխվել է երկրորդ տեղ. 2024-ի փետրվարի վերջին Apple-ը առաքել է ընդամենը 17,41 միլիոն սարք և գրավել շուկայի 18% մասնաբաժինը, իսկ Samsung-ը՝ 20%-ը։

Շատ վերլուծաբաններ դա կապում են Galaxy S24 սերիայի սմարթֆոնների հաջողության հետ, որը Samsung-ը ներկայացրել է 2024-ի հունվարին։ Սակայն նոր iPhone-ները, կարծես, չեն ունեցել սպասված հաջողությունը՝ ո՛չ անցյալ, ո՛չ էլ այս տարի։


 
 
 
 
  • Արխիվ