2 մլրդ մարդ մինչև 2050-ը կտեղահանվի կլիմայի փոփոխության պատճառով. Բրեթ Քինգ

4 ապրիլի, 2024  22:11

Այսօր խանութում մեկ դոլարով վաճառվող շնորհավորական բացիկը, որը, երբ բացում ես, Happy Birthday է նվագում, ավելի շատ կոմպյուտերային հզորություն ունի, քան ամբողջ աշխարհը 1945 թվականին: Այս մասին Երևանում կայացած երկրորդ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ նշեց ֆորումի գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգը:

Ներկայացնելով, թե ինչպես պետք է տնտեսությունները, բանկերն ու բիզնեսները հարմարվեն թվային ապագային, նա նշեց. «Այսօր ձեր սմարթֆոնը 15 մլն անգամ ավելի շատ հզորություն ունի, քան այն համակարգիչը, որով Նիլ Արմսթրոնգը թռել է Լուսին: Հետեւաբար, երբ մենք խոսում ենք թվայինի (digital) մասին, մենք խոսում ենք ընդհանուր տեխնոլոգիաների մասին, որոնք մեզ մատչելի են, իսկ թե ինչ է դրան հաջորդելու, թվային չէ, այլ բանականություն է, մասնավորապես, արհեստական բանականություն: Դա տարբերվում է digital աշխարհից, քանի որ digital աշխատանքը աշխարհ է, որը մարդիկ են կառուցել, իսկ խելացի աշխարհը կառուցել է արհեստական բանականությունը (ԱԲ)»:

Նրա խոսքով, թվային աշխարհում ցանկացած տնտեսություն աշխարհում կչափվի ըստ իր բանականության աստիճանի. «ԱԲ-ով տնտեսությունը կկոչվի խելացի տնտեսություն: Իսկ այն տնտեսությունները, որոնք կապավինեն 20-րդ դարի տեխնոլոգիաներին, կկոչվեն բութ տնտեսություններ կամ արդյունաբերական տնտեսություններ: Աշխարհի ամենախոշոր տնտեսությունները թվային կլինեն:

Եթե այսօրվանից ուզում եք, որ ՀՀ տնտեսությունը մրցակցի մնացած աշխարհի հետ, պետք է կիրառեք ոչ միայն թվային տեխնոլոգիաներ, այլեւ արհեստական բանականություն:

ԱԲ-ն գերագույն արտադրողականության գործիքն է, որովհետեւ մարդկանց կարող ենք աշխատաշուկայից հանել՝ փոխարինելով մեքենաներով: Սա վերջին առնվազն 150 տարիներին երազանք է եղել»,- ասաց Քինգը:

Նա անդրադարձավ նաեւ նոր խելացի աշխարհի թերություններին. «Կան նաեւ թերություններ. կլիմայի փոփոխությունը բերելու է խոշոր պրոբլեմների սննդի մատչելիության հետ կապված: Հողագործության զանգվածային խնդիրներ կառաջանան: Սա մարդկանց կստիպի իրենց տները թողնել՝ սննդի անվտանգության հետեւից ընկնելով: Արդյունքում մենք կտեսնենք, որ խելացի տնտեսություններն անցնում են սննդի արտադրության ինքնաբավության:

Անցյալ տարի Եվրոպան շատ մտահոգված էր փախստականների ներհոսքով: Անցյալ տարի կլիմայի փոփոխությունից տեղահանված՝ 130 մլն էկոփախստականներ հայտնվեցին մոլորակում։ Սա արդեն տեղի է ունենում: Տարբեր գնահատականներով՝ մինչեւ 2 մլրդ մարդ մինչեւ 2050 թվականը կտեղահանվի կլիմայի փոփոխության բերումով:

Խելացի աշխարհում խոշոր պրոբլեմներից մեկը հարստության անհավասար բաշխումն է: ԱԲ-ն դա ավելի է սրելու:

Մյուս խնդիրն այն է, որ տեխնոլոգիական հսկաները, որոնք ԱԲ-ի հզորությունների տեր են, նաեւ մեծ քաղաքական իշխանություն ունեն: Երբ Բայդենը կամ Սունակը ուզում են քննարկել ԱԲ կարգավորումները, նրանք հրավիրում են տեխնո հսկաների ղեկավարներին: Նրանք քաղաքականություն են թելադրում»,- ընդգծեց Քինգը:

Նա խոսեց նաեւ ծնելիության խնդիրներից. «Աշխարհում մեծ խնդիր է առաջանում ծնելիության հետ կապված. Ճապոնիայում, Իսպանիայում, Իտալիայում ծնելիությունը փլուզվում է:

Տնտեսական աճի համար, բոլորս գիտենք, որ բնակչությունը պետք է ավելանա: Եթե չես կարողանում երեխա ունեցողների քանակն ավելացնել, սկսում ես ներկրել: Ներգաղթը դառնալու է շատ մրցունակ, որովհետեւ 2030-ին մենք ցանկանալու ենք ներգրավել սպառողներ մեր տնտեսության մեջ:

Արդեն 60 երկիր կա, որ մրցակցում է այս ոլորտում: Գիտե՞ք, որ Հայաստանն ունի թվային քոչվորի անձնագիր կամ վիզա: Մեկ տարվա կեցություն կարող եք ստանալ, եթե Հայաստանում որպես թվային քոչվոր գրանցվեք: Դու պետք է լինես այն տնտեսությունը, որը ներգրավում է տաղանդներ, ունի լավ տեխնոլոգիաներ, տեխնոլոգիական ենթակառուցվածք, խելացի է։ Այս ամենը թվային քոչվորներ ներգրավելու հնարավորություն է առաջացնում»,- ընդգծեց նա:


 
 
 
 
  • Արխիվ