ԱՄՆ բանկային համակարգը Չինաստանից 10-15 տարի հետ է. 2030-ին Չինաստանն է լինելու աշխարհի ամենախոշոր տնտեսությունը. Քինգ

4 ապրիլի, 2024  10:16

Մինչեւ 2030-ական թվականները Չինաստանը ԱՄՆ-ին կգերազանցի որպես աշխարհի ամենախոշոր տնտեսություն: Այս մասին, Երևանում կայացած երկրորդ Doing Digital միջազգային ամենամյա ֆորումի ժամանակ նշեց միջոցառման գլխավոր խոսնակ, հայտնի ֆուտուրոլոգ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգը:

«Դրա հիմքերը հետեւյալն են. Չինաստանն ամենաարագ աճող միջին խավն ունի, նաեւ ամենաարագ աճող տնտեսությունը վերջին 40-50 տարիներին: Ցուցանիշներից մեկը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն է: Եթե Չինաստանի բնակչության 25 տոկոսը նույն միջին աշխատավարձը ստանա, ինչ ամերիկացիներն են ստանում, որը տարեկան 40 հազար դոլար է, ապա Չինաստանը կանցնի ԱՄՆ-ին որպես աշխարհի ամենամեծ տնտեսություն: Սա շատ իրականանալի է։

Չինաստանը նաեւ ԱԲ ոլորտում առաջատար տնտեսությունն է։ ԱՄՆ-ն անգամ մոտ էլ չէ Չինաստանին հասարակության մակարդակով ԱԲ պատրաստվածության տեսանկյունից»,-ասաց նա:

Բրեթ Քինգն անդրադարձավ նաեւ թվային արժույթներին՝ նշելով. «Դոնալդ Թրամփը խոսում է թվային արժույթներն արգելելու մասին, որպես դավադրության տեսություն, որ ուրիշները կկարողանան վերահսկել քո փողերը, բայց նա չի խոսում այն մասին, որ ԱՄՆ-ն չի կարող խելացի տնտեսություն դառնալ եւ չի կարող բարձր ավտոմատիզացիայի հասնել առանց թվային արժույթի։

Շատերը համարում են, որ ԱՄՆ բանկային համակարգն առաջատարն է աշխարհում, բայց ես հիմա ասում եմ, որ առնվազն Չինաստանից 10-15 տարի հետ է, որովհետեւ կարգավորողներն ԱՄՆ շուկայում նախապատվությունը տվել են ավանդական բանկերին: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն գնալով ավելի թույլ մրցակից է դառնում: Չես կարող խելացի տնտեսություն ունենալ, եթե 14-րդ դարի բանկային նորմերով ես առաջնորդվում: Դա չի աշխատի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մինչեւ 2050 թվականը ԱՄՆ-ն թերեւս երրորդ ամենամեծ տնտեսությունը կլինի աշխարհում՝ Չինաստանից եւ Հնդկաստանից հետո: Բրազիլիան էլ կլինի 5-րդը։


 
 
 
 
  • Արխիվ