Հաքերները iPhone-ները ծանուցումներով հեղեղելու նոր մեթոդ են գտել, որը կիրառում են ֆիշինգային հարձակման համար․ ի՞նչ անել

28 մարտի, 2024  16:03

Apple սարքերի մի քանի օգտատերեր հայտնել են, որ դարձել են ֆիշինգի նոր տեսակի զոհ. հարձակվողները տասնյակ ծանուցումներ են ուղարկել նրանց սարքերին՝ առաջարկելով փոխել գաղտնաբառը և արդյունքում թույլ չեն տվել նրանց օգտագործել սարքը, քանի դեռ բոլոր հարցումներին չեն տվել դրական կամ բացասական պատասխան։ Այնուհետև խաբեբաները զանգահարել են զոհերին՝ ներկայանալով Apple-ի աջակցության ծառայության աշխատակից և պնդելով, որ նրանց օգտահաշիվը ենթարկվել է հարձակման և անհրաժեշտ է «ստուգել» մեկանգամյա կոդը:

Զոհերից մեկը ձեռնարկատեր, արհեստական ​​բանականությամբ զբաղվող ստարտափի հիմնադիր Պարթ Պատելն է։ Մարտի 23-ին նա X-ում գրել է, հարձակման մասին, որը սովորաբար կոչվում է push bombing կամ «MFA հոգնածություն» (MFA fatigue): Հարձակվողներն օգտագործում են բազմագործոն նույնականացման (MFA) համակարգի խոցելիությունը, որպեսզի օգտանունը կամ գաղտնաբառը փոխելու հարյուրավոր հարցումներ ուղարկեն օգտատիրոջը և բառացիորեն հոգնեցնեն նրան։

«Իմ բոլոր սարքերը միանգամից գժվեցին՝ ժամացույցը, նոութբուքը, հեռախոսը: Այս ծանուցումները, կարծես, համակարգային հարցումներ լինեին, որ հաստատեմ իմ Apple օգտահաշվի գաղտնաբառը փոխելը, բայց ես չէի կարողանում օգտագործել հեռախոսը, մինչև չփակեցի դրանք բոլորը, և դրանք հարյուրից ավելի էին»,- KrebsOnSecurity-ի հետ զրույցում ասել է Պատելը։

Մի շարք ծանուցումներ ուղարկելուց հետո հարձակվողները զանգահարում են տուժողին՝ հեռախոսի համարը փոխարինելով Apple-ի տեխնիկական աջակցության կողմից իրականում օգտագործվող հեռախոսահամարով։

«Երբ ես պատասխանեցի զանգին, չափազանց զգույշ էի և հարցրի, թե արդյոք նրանք կարող են ինձ ասել իմ տվյալները, և ստեղնաշարի վրա մի քանի արագ քայլերից հետո նրանք ինձ բացարձակապես ճշգրիտ մանրամասներ տվեցին»,- հիշում է Պատելը: Սակայն նրան չէին տրամադրել իր իսկական անունը։ Պատելի խոսքով, իրեն տրամադրել էին մի անուն, որը նա ժամանակին տեսել էր PeopleDataLabs կայքում վաճառվող տվյալների մեջ:

1.jpg (217 KB)

Հարձակվողների նպատակն է օգտատիրոջը մոլորեցնել և նրանից ստանալ սարքին ուղարկված Apple ID-ի վերականգնման մեկանգամյա կոդը: Երբ նրանք ստանում են այդ կոդը, արդեն կարող են փոխել օգտահաշվի գաղտնաբառը և արգելափակել օգտվողին, ինչպես նաև ջնջել բոլոր տվյալները նրա բոլոր սարքերից:

Պատելը միակ զոհը չէ. մեկ այլ օգտատեր, որը կրիպտոարժույթի հեջ-ֆոնդ ունի, նույն հարձակման մասին հայտնել է փետրվարի վերջին:

«Ես հրաժարվեցի փոխել գաղտնաբառը, բայց անմիջապես ստացա ևս 30 ծանուցում։ Կարծում էի, թե պատահաբար սեղմել էի ինչ-որ կոճակ և մերժեցի բոլոր հարցումները»,- ասել է նա: Նրա խոսքով՝ չարագործները մի քանի օր շարունակ հարձակվել են նրա վրա, սակայն ինչ-որ պահի իրեն զանգահարել են և ներկայացել որպես Apple-ի աջակցության ծառայության աշխատակից։ «Ես ասացի, որ ինքս կզանգեմ Apple-ին: Ես արեցի դա և ինձ ասացին, որ Apple-ը երբեք չի զանգում հաճախորդներին, եթե նրանք չեն պահանջում, որ իրենց զանգահարեն»:

Երրորդ օգտատիրոջը, երբ նա զանգահարել է Apple-ի աջակցության ծառայություն, խորհուրդ են տվել ակտիվացնել Apple ID-ի օգտահաշվի վերականգնման բանալին, ինչը պետք է դադարեցներ ծանուցումների հոսքը մի քանի օրը մեկ անգամ: Սակայն դա էլ նրան չի օգնել։ Հավանական է, որ հարձակման համար օգտագործվում է Apple-ի գաղտնաբառերի վերականգնման կայքը: Գաղտնաբառը փոխելու մասին համակարգային ծանուցում ուղարկելու համար պարզապես բավական է մուտքագրել Apple ID-ին կցված հեռախոսահամարը և հաստատել, որ ռոբոտ չեք։

«Ո՞ր նորմալ մշակված նույնականացման համակարգը վայրկյանում կուղարկի գաղտնաբառի փոփոխման տասնյակ հարցումներ, երբ օգտատերը չի պատասխանել նախորդներին»,- հարցադրում է արել Բրայան Քրեբսը KrebsOnSecurity-ից: 


 
 
 
 
  • Արխիվ