Վաղը Samsung-ի որոշ սմարթֆոններ արհեստական բանականության ֆունկցիաներ կստանան․ որոնք են դրանք

27 մարտի, 2024  15:37

Samsung-ը, ինչպես խոստացել էր, Galaxy AI արհեստական բանականության ֆունկցիաները, որոնք նախկինում կային միայն Galaxy S24 սերիայի սմարթֆոններում, կավելացնի նաև Galaxy շարքի մյուս մոդելներում։

Մարտի 28-ին կթողարկվի One UI 6.1 ծրագրային ապահովման թարմացումը, որն էլ Galaxy AI-ի հնարավորությունները կներբեռնի Samsung-ի նախորդ սերնդի սարքերում, ներառյալ Galaxy S23, S23 FE շարքերում, Galaxy Z Flip 5-ում, Z Fold 5-ում և Tab S9 պլանշետներում:

Ինչպես գրում է PCMag-ը, Galaxy AI-ի ամենահետաքրքիր գործառույթներից է Circle to Search-ը, որով կարելի է սմարթֆոնի էկրանին երևացող ցանկացած բան վերցնել շրջանակի մեջ, և սմարթֆոնն անմիջապես դրա մասին տեղեկություններ կգտնի համացանցից։

Samsung Phone հավելվածը կունենա Live Translate գործառույթ, որը հնարավորություն կտա հեռախոսով շփվել այլ լեզվով խոսող մարդկանց հետ, իսկ Galaxy AI-ն իրական ժամանակում կթարգմանի խոսակցությունը, ընդորում՝ երկու կողմերի համար:

Galaxy AI-ի գործառույթները նաև կուժեղացնեն սմարթֆոնների լուսանկարչական հնարավորությունները, իսկ Notes հավելվածում Note Assist-ը կստեղծի օգտատերերի գրառումների ամփոփումներ և կփոխի բովանդակությունը՝ ավելի պարզ դարձնելու համար:

Հաշվի առնելով, որ ի տարբերություն Qualcomm Snapdragon 8 Gen 3 չիպով հագեցած S24 սերիայի սմարթֆոնների, մյուս մոդելներն ունեն ավելի թույլ պրոցեսորներ, դա կարող է ազդել Galaxy AI գործառույթների արագության վրա։ 


 
 
 
 
  • Արխիվ