Չինաստանն արբանյակ է արձակել Լուսնի ուղեծիր, որը կօգնի Լուսնի հեռավոր կողմում նմուշառված հողը հասցնել Երկիր

26 մարտի, 2024  20:33

Չինաստանն իր Queqiao-2 արբանյակը դուրս է բերել լուսնային ուղեծիր, որտեղից այն պետք է օգնի Լուսնի հեռավոր կողմից նմուշառված հողը հասցնել Երկիր, այս մասին տեղեկացնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Երկու օր առաջ 19 րոպե տևողությամբ դանդաղեցման ժամանակ Queqiao-2-ն դիրքավորվել է Լուսնի ուղեծրում՝ 200 × 100,000 կմ պարամետրերով։ Ուղեծիրը և դրա թեքությունը կփոխվի մինչև 200 × 16000 կմ: Այս դիրքում արբանյակը վառելիք գրեթե չի սպառի, և ժամանակի մեծ մասը կմնա Երկրի հետ կապի մեջ:

Queqiao-2 արբանյակն անհրաժեշտ է Chang'e-6 ավտոմատ կայանի հետ կապը կազմակերպելու համար։ Կայանը կգործարկվի մայիսին՝ Լուսնի հեռավոր կողմից հողի առաջին նմուշները հավաքելու և Երկիր հասցնելու համար: Սակայն 1200 կգ կշռող և 4,2 մետրանոց ալեհավաքով Queqiao-2 առաքելությունն այսքանով չի ավարտվի: Chang'e-6 առաքելության ավարտից հետո այն կապ կապահովի Chang'e-4 առաքելության վայրէջքի սարքի և ռովերի հետ:

Հետագա տարիներին արբանյակը կապի ալիքներ կտրամադրի Chang'e 7 և Chang'e 8 առաքելությունների համար Լուսնի հարավային բևեռն ուսումնասիրելու նպատակով, նույնիսկ աջակցելու այնտեղ մշտական ​​ներկայության բազա ստեղծելու ջանքերին, որի համար արբանյակի ուղեծիրը կփոխվի: Չինաստանը այլ երկրների տիեզերական գործակալություններին ևս հրավիրում է օգտագործելու Queqiao-2-ը և կազմակերպելու իրենց առաքելությունները դեպի Լուսնի հեռավոր կողմ և հարավային բևեռ:

Ավելին, Queqiao-2-ի վրա կան գիտական ​​գործիքներ, որոնք կօգտագործվեն Chang'e-7 գիտական ​​առաքելության շրջանակում: Մասնավորապես, արբանյակում կա տեսախցիկ՝ ծայրահեղ ուլտրամանուշակագույն տիրույթում գործող սենսորներով, չեզոք ատոմի սկաներ և Երկիր-Լուսին շատ երկար բազային ինտերֆերոմետրիկ փորձերում ալեհավաքն օգտագործելու համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչը արբանյակին հնարավորություն կտա տիեզերքի շատ առեղծվածներ բացահայտել։

Queqiao-2-ի հետ մեկտեղ մարտի 19-ին գործարկված Long March-8 արձակման հրթիռով տիեզերք են դուրս բերվել երկու նավիգացիոն և կապի արբանյակներ՝ Tiandu-1-ը և Tiandu-2-ը: Նրանք երկուսն էլ մտել են լուսնային ուղեծիր և կմասնակցեն լուսնային շրջանում նավիգացիայի և կապի փորձերին:


 
 
 
 
  • Արխիվ