Ծիր Կաթինի հարևան գալակտիկայում հայտնաբերվել է տիեզերքի ամենահին աստղերից մեկը

26 մարտի, 2024  22:31

Չիկագոյի համալսարանի գիտնականները Ծիր Կաթինի հարևան գալակտիկայում՝ Մեծ Մագելանի ամպում, երկրորդ սերնդի աստղերից մեկն են հայտնաբերել։ LMC 119-ը արժեքավոր տեղեկություններ է պարունակում գիտության համար և կարող է լույս սփռել հարևան գալակտիկաներում առաջին սերնդի աստղերի բաղադրության մասին:

Ինչպես հայտնի է, աստղի տարիքի ցուցիչներից մեկն այն է, թե որքան մետաղ է այն պարունակում։ Որքան քիչ մետաղներ կան աստղի սպեկտրում (այն ամենը, ինչ ավելի ծանր է, քան հելիումը ըստ Մենդելեևի աղյուսակի), այնքան ավելի հին է այն: Հետևաբար, առաջին սերնդի աստղերի սպեկտրից գիտնականները ակնկալում են ջրածնի և հելիումի (և մի փոքր լիթիումի) հետքեր, այսինքն՝ միայն այն նյութը, որը ձևավորվել է Մեծ պայթյունի ժամանակ:

Ենթադրվում է, որ առաջին աստղերը եղել են գերմեծ և գերտաք, ուստի դրանք երկար չեն գոյատևել և արագ այրման պատճառով տիեզերքի ուսումնասիրության ժամանակ չեն հանդիպում: Սակայն դրանց միջուկում, ջերմամիջուկային ռեակցիաների գործընթացում, ի հայտ են եկել Մենդելեևի պարբերական աղյուսակի՝ լիթիումից ծանր առաջին տարրերը՝ ընդհուպ մինչև երկաթ։ Պայթելուց հետո առաջին աստղերը ձևավորել են նյութերի ամպեր երկրորդ սերնդի աստղերի ձևավորման համար, որոնց սպեկտրում գիտնականները հայտնաբերում են այսպիսի մետաղներ՝ որոշակի համամասնություններով: Նման (ենթադրյալ) նշանների ամբողջության հիման վրա էլ գիտնականները եզրակացնում են, որ տվյալ օբյեկտը երկրորդ սերնդի աստղ է։

Մեր գալակտիկայում արդեն իսկ հայտնաբերվել են երկրորդ սերնդի աստղերի որոշակի քանակ: Այսպիսի աստղեր գտնելն այլ գալակտիկաներում նշանակում է իմանալ տիեզերքում քիմիական տարրերի վաղ շրջանում տարածման մասին: Երկրորդ սերնդի LMC 119 աստղի հայտնաբերումը Մագելանյան մեծ ամպում պատկերացում է տալիս վաղ տիեզերքի քիմիական կազմի մասին՝ մեր գալակտիկայից դուրս:

LMC 119-ի քիմիական կազմի վերլուծությունը գիտնականներին չի հիասթափեցրել: Այս աստղը պարունակում է նյութերի քանակական կազմ, որը տարբերվում է Ծիր Կաթինի երկրորդ սերնդի աստղերի կազմից։ LMC 119 աստղը զգալիորեն ավելի քիչ ածխածին և երկաթ է պարունակում, քան մեր գալակտիկայի նմանատիպ աստղերը:

«Սա շատ ինտրիգային էր, և դա ենթադրում է, որ, հավանաբար, ածխածնի պարունակության աճը ամենավաղ սերնդի աստղերում, որը մենք տեսնում ենք Ծիր Կաթինում, համընդհանուր չէր: Մենք ստիպված կլինենք հետագա հետազոտություններ անցկացնել, սակայն դա խոսում է այն մասին, որ տարածքից տարածք տարբերություններ կան»,- նշել են գիտնականները։


 
 
 
 
  • Արխիվ