WhatsApp-ն ԱԲ նոր գործառույթ է ստացել․ ի՞նչ է այն անելու

25 մարտի, 2024  14:15

WhatsApp հանրահայտ մեսենջերը կստանա արհեստական բանականության (ԱԲ) հետ կապված նոր գործառույթ․ ChatGPT-ի նման չատբոտը կներկառուցվի մեսենջերի որոնման մեջ: Չատբոտը կոչվում է Ask Meta AI, հավելվածի բետա տարբերակի օգտատերերն արդեն փորձարկում են այն։

Ինչպես տեղեկացնում է WABetaInfo կայքը, վերջերս WhatsApp-ի 2.24.7.14 համարով Android-ի բետա տարբերակի օգտատերերը մեսենջերի որոնման տողում հայտնաբերել են ներկառուցված չատբոտ մուտք գործելու և անմիջապես որոնման տողում հարցեր տալու հնարավորություն:

Մշակողները նախատեսում են որոնման տողում ավելացնել մի քանի հուշումներ, որոնք կօգնեն օգտատերերին և կակտիվացնեն ԱԲ-ը։ Հարցեր կամ հրամաններ մուտքագրելով որոնման տողում՝ օգտատերերը կարող են արագ զրույց սկսել նեյրոնային ցանցի հետ:

Դեռ հայտնի չէ, թե ԱԲ չատբոտը երբ կհայտնվի հավելվածի հիմնական տարբերակներում։

Հիշեցնենք, որ Android-ի համար WhatsApp-ի բետա տարբերակը (2.24.6.13) վերջերս ներկայացրեց գործառույթներ, որոնք թույլ են տալիս օգտատերերին մինչև հինգ չատ ամրացնել ընդհանուր չատի ցանկում, սթիքերներ ստեղծել անմիջապես չատում գտնվող լուսանկարից և ավելի հեշտությամբ ֆորմատավորել տեքստը: Android-ի օգտատերերը շուտով նաև կկարողանան ընտրել, թե որ երրորդ կողմի հավելվածները կարող են հաղորդակցվել Messenger-ի հետ:


 
 
 
 
  • Արխիվ