Արկտիկայի երկնքում արտասովոր պարույր են նկատել․ ի՞նչ է այն իրականում

22 մարտի, 2024  22:31

Արկտիկայի գիշերային երկնքում օրերս հսկայական, պայծառ, սպիտակ պարույր է հայտնվել: Իրականում, տպավորիչ լուսային այս շոուն առաջացրել է սառեցված վառելիքի փայլուն ամպը, որն արտանետել է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը, երբ տասնյակ արբանյակներ է տարել Երկրի ցածր ուղեծիր: Աստղագետներն այս հազվագյուտ երևույթն անվանել են «SpaceX-ի պարույր» և ակնկալում են, որ այն ապագայում շատ ավելի տարածված կդառնա, քանի որ ընկերությունը պարբերաբար արբանյակներ է ուղարկում տիեզերք:

Հիշեցնենք, որ Falcon 9 հրթիռն օրերս արձակվել էր Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերական բազայից: Տիեզարանավում մի քանի ընկերությունների պատկանող 53 արբանյակներ էին, որոնք հաջողությամբ ուղեծիր են արձակվել հրթիռի արձակումից մոտ երկու ժամ անց:

Հրթիռի առաջին աստիճանն արձակումից մի քանի րոպե անց առանձնացել էր երկրորդ աստիճանից և փափուկ վայրէջք կատարել։ Իսկ երկրորդ աստիճանն օգտակար բեռը տեղակայելուց հետո սկսել էր դուրս գալ Երկրի ցածր ուղեծրից և ի վերջո այրվել Արկտիկայի՝ Բարենցի ծովի երկնքում: Վերադարձի ճանապարհին պտտվող երկրորդ փուլի տանկերում մնացած վառելիքն արտանետվել է մթնոլորտ, որն էլ սառել և վերածվել է փոքրիկ բյուրեղների: Դրանք տարածվել են պարուրաձև և անդրադարձրել արևի լույսը Երկրի մակերեսին:

Լուսանկարիչ Շան Յանգին հաջողվել է ֆիքսել այն պայծառ փայլը, երբ եղել է Իսլանդիայի Ակուրեյրի քաղաքի մոտ: Պարույրը հնարավոր է եղել դիտել մոտ 10 րոպե, որից հետո այն ցրվել է։ «Հյուսիսափայլի հետին պլանում այն ​​այլաշխարհիկ տեսք ուներ»,- նշել է Յանը:

Արտասովոր երևույթը ֆիքսվել է նաև Իսլանդիայի հյուսիսափայլի ուղիղ հեռարձակման կադրերում։ Այն նաև նկարել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի լուսանկարիչները: Նման երևույթները ներկայումս հազվադեպ են, սակայն քանի որ ավելանում է SpaceX հրթիռների արձակումները, դրանք ավելի հաճախակի են դառնում:


 
 
 
 
  • Արխիվ