ՄԱԿ-ի ԳԱ-ն առաջին անգամ բանաձև է ընդունել ԱԲ-ի մասին․ ի՞նչ է այն ենթադրում

22 մարտի, 2024  18:12

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան արհեստական ​​բանականության (ԱԲ) վերաբերյալ առաջին բանաձևն է ընդունել։ ԱՄՆ-ի առաջարկած փաստաթուղթը ԱԲ-ի ոլորտում գլոբալ համագործակցության կոչ է անում. երկրները, որոնք սատարել են դրան, ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի, չեն ցանկանում թույլ տալ, որ «ԱԲ-ն վերահսկի մարդկանց»:

Բանաձևը, որը կոչվում է «Պաշտպանված, անվտանգ և հուսալի արհեստական ​​բանականության համակարգերի օգտագործումը հանուն կայուն զարգացման», ներկայացրել է ԱՄՆ-ը և համահովանավորել են 120 պետություններ:

«Այսօր ընդունված բեկումնային բանաձևն ամրապնդում է գլոբալ կոնսենսուսը պաշտպանված, անվտանգ, վստահելի ԱԲ համակարգերի վերաբերյալ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և հարգում են հիմնարար ազատությունները»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Փաստաթուղթը նպատակ ունի ապահովել, որ մարդիկ վերահսկեն ԱԲ-ը, այլ ոչ թե հակառակաը։ Այն կոչ է անում ներգրավել զարգացող երկրներին թվային վերափոխման ջանքերում, հարգել մտավոր սեփականության իրավունքները, պաշտպանել անձնական տվյալները, ապահովել ԱԲ-ի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և հուսալիությունը, խթանել ավտոմատացված որոշումների նկատմամբ մարդկային վերահսկողությունը:

ԱԲ-ի վերաբերյալ ՄԱԿ-ի առաջին նիստը կայացել է 2023-ի հուլիսին։ Կազմակերպության գլխավոր քարտուղարը սատարել էր գործակալություն ստեղծելու առաջարկը, որը կձևավորի ԱԲ-ի կարգավորման գլոբալ ստանդարտներ։ Անցյալ շաբաթ ԵՄ-ում ընդունվել է աշխարհում առաջին օրենքը ԱԲ-ի մասին։


 
 
 
 
  • Արխիվ