Խարդախության նոր մեթոդ․ ինչպե՞ս են խաբեբաները մոլորեցնում մարդկանց և գողանում նրանց գումարները

23 մարտի, 2024  12:15

Խարդախները Ռուսաստանի տարածքում համացանցի միջոցով ֆինանսական միջոցներ կորզելու հերթական ձևն են հնարել, հայտնում է ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը Դաշնային նոտարական պալատի հետ համատեղ հոդվածում։

Այսօր խարդախության ամենատարածված մեթոդներից մեկը մնում է այսպես կոչված նոտարական առասպելական լիազորագրերը: Իսկ ի՞նչ է դա։

Չարագործները լեգենդ են հորինում այն մասին, թե իբր քաղաքացու փաստաթղթերը հայտնվել են անհայտ չարագործների ձեռքում, որոնք դրանց օգնությամբ կկարողանան քաղաքացու հաշիվներից հանել նրա ողջ գումարը կամ վաճառել նրա բնակարանը:

«Գույքը փրկելու համար տուժողին առաջարկվում է առաջ անցնել նրանցից՝ ինքնուրույն վաճառել տունը և դրանից ստացված հասույթը, ինչպես նաև իր ողջ խնայողությունները փոխանցել ինչ-որ «ապահով հաշվի»,- ասվում է հետազոտության մեջ:

Շորթման ոչ պակաս հայտնի միջոցներից են շարունակում մնալ հեռախոսազանգերը, ինչպես նաև QR կոդերը և էլեկտրոնային ստորագրությունները, որոնք օգտատերերին հրավիրում են անցնել կեղծ կայքեր կամ մասնակցել համացանցով գույքի վաճառքի, որն իրականում խարդախ սխեմա է:

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր խաբեության նոր ձևի մասին, որի շրջանակում  խարդախները գումարը գողանում են՝ տուժողին համոզելով տեսազանգի ժամանակ միացնել սմարթֆոնի էկրանը հեռարձակելու գործառույթը։ Նախ՝ խարդախը զանգահարում է պոտենցիալ զոհին և ներկայանում է որպես բանկի աշխատակից և ճշտում, թե արդյոք վերջերս թարմացրել է բանկային բջջային հավելվածը։ Բացասական պատասխանի դեպքում ասում է, որ շուտով մեկ այլ մասնագետ կզանգահարի իրեն և կօգնի թարմացնել հավելվածը։

Մյուս խարդախը տուժողին տեսակապով է զանգում իբր նրան նույնականացնելու համար, ապա խնդրում է միացնել էկրանի հեռարձակման ռեժիմը, որպեսզի «օգտահաշվի ախտորոշման համար միացնի ռոբոտային համակարգը»։ Այնուհետև չարագործը զոհին խնդրում է մուտք գործել բանկի բջջային հավելված՝ պնդելով, թե դա լիովին անվտանգ է, քանի որ միայն ռոբոտը կտեսնի էկրանը:

Սակայն փաստացի էկրանով հեռարձակումը խարդախին հնարավորություն է տալիս տեսնել բանկի քարտի համարը, հաշվին առկա գումարի չափը և բանկից ստացվող SMS կոդերը: Այս բոլոր տվյալները թույլ են տալիս մուտք գործել հաճախորդի անձնական օգտահաշիվ և գողանալ նրա գումարը կամ համոզել նրան, որպեսզի իր միջոցները փոխանցի «ապահով հաշիվ»:             


 
 
 
 
  • Արխիվ