Խաբեության նոր ձև․ խարդախները գումարը գողանում են սմարթֆոնի էկրանը հեռարձակելու միջոցով

2 մարտի, 2024  13:02

Ռուսական «Սբերբանկ»-ը հայտնել է նոր խարդախ սխեմայի մասին, որի շրջանակում չարագործներն օգտագործում է տեսազանգերի ժամանակ էկրանը հեռարձակելու գործառույթը, որն առկա է որոշ հայտնի մեսենջերներում:

Նախ՝ խաբեբան տվյալ մեսենջերում ստեղծում է օգտահաշիվ՝ այս կամ այն բանկի անվամբ ու տարբերանշանով: Այնուհետև այս օգտահաշվից կիբեռհանցագործը զանգահարում է պոտենցիալ զոհին և ներկայանում է որպես բանկի աշխատակից, ապա հարցնում, թե արդյոք նա վերջերս թարմացրել է բանկային բջջային հավելվածը։ Եթե ​​պատասխանը բացասական է, ապա «բանկի աշխատակիցն» ասում է, որ շուտով մեկ այլ մասնագետ կզանգահարի իրեն և կօգնի թարմացնել հավելվածը։

Մեկ այլ չարագործ սովորաբար զանգահարում է այլ օգտահաշվից կամ նույնիսկ մեկ այլ մեսենջերից, որն ունի տեսազանգի ժամանակ էկրանը հեռարձակելու գործառույթ։ Հանցավոր սխեմայով ենթադրաբար տարբեր մասնագետների ներգրավումն անհրաժեշտ է շփոթություն առաջացնելու համար, որպեսզի մարդուն ապակողմնորոշեն և ստիպեն կատարել կիբեռհանցագործների հրահանգները։

«Բանկի» երկրորդ աշխատակիցն ասում է, որ տեսակապով է զանգում, որպեսզի հաճախորդին նույնականացնի նրա կենսաչափական տվյալներով։ Ապա խնդրում է միացնել էկրանի հեռարձակման ռեժիմը, որպեսզի «օգտահաշվի ախտորոշման համար միացնի ռոբոտային համակարգը»։

Այնուհետև չարագործը զոհին խնդրում է մուտք գործել բանկի բջջային հավելված՝ պնդելով, թե դա լիովին անվտանգ է, քանի որ միայն ռոբոտը կտեսնի էկրանը: Սակայն փաստացի էկրանով հեռարձակումը խարդախին հնարավորություն է տալիս տեսնել բանկի քարտի համարը, հաշվին առկա գումարի չափը և բանկից ստացվող SMS կոդերը: Այս բոլոր տվյալները թույլ են տալիս մուտք գործել հաճախորդի անձնական օգտահաշիվ և գողանալ նրա գումարը կամ համոզել նրան, որպեսզի իր միջոցները փոխանցի «ապահով հաշիվ»:

Բանկից զգուշացրել են, որ ոչ մի դեպքում չի կարելի անծանոթներին ցույց տալ ձեր հեռախոսի էկրանը, նույնիսկ եթե նրանք ներկայացել են որպես բանկի աշխատակիցներ, իսկ «օգտահաշիվը ախտորոշելու ռոբոտային համակարգը» պարզապես հորինվածք է։


 
  • Ամենաընթերցվածը
 
 
 
 
  • Արխիվ