Որքա՞ն ժամանակ կպահանջվի Մարսի վրա ոտքով մեկ ամբողջ պտույտ անելու համար

20 մարտի, 2024  12:42

Մարսի վրա առաջին մարդիկ ոտք կդնեն հավանաբար առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում: Եվ այդ մարդիկ հնարավորություն կունենան ուսումնասիրել մոլորակի մակերեսի միայն մի փոքր մասը։ Այնուամենայնիվ, որոշ փորձագետների հետաքրքրում է, թե որքան ժամանակ կպահանջվի մարդուց Մարսի շուրջը ոտքով մեկ ամբողջ կատարելու և նույն կետին վերադառնալու համար, որտեղից սկսել է ճանապարհորդությունը:

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, քանի որ Մարսի մակերեսին օվկիանոսներ կամ ջրային այլ զանգվածներ չկան, տեսականորեն հնարավոր է ոտքով մեկ ամբողջ պտույտ անել մոլորակի վրա։ Իսկ որքա՞ն ժամանակ դա կպահանջի։ Եթե ​​տիեզերագնացը կարողանա շարունակ ճանապարհորդել քայլքի արագությամբ, ապա դա հեշտ կլինի հաշվարկել. ըստ Ջորջ Մեյսոնի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության բաժնի դոցենտ Էրդալ Իյգիթի, որն ուսումնասիրում է մոլորակների մթնոլորտը, անհրաժեշտ է միայն իմանալ տիեզերագնացի քայլքի արագությունն ու հեռավորությունը, որը նա ստիպված կլինի ճանապարհորդել։

Այսպես, եթե մարդը ճանապարհորդի Մարսի հասարակածով, ապա ամբողջ մոլորակով շրջելու համար նա ստիպված կլինի անցնել մոտ 21,400 կմ։ Մարսի բևեռներով պտույտն անելու դեպքում ճանապարհը կկրճատվի մոտ 160 կմ-ով, սակայն ծայրահեղ ցուրտը կարող է լուրջ խնդիր լինել։

Ըստ Իյգիթի՝ Մարսի վրա մարդու արագությունը կկազմի մոտ 5 կմ/ժ, ինչը նաև Երկրի վրա հասարակածի երկայնքով քայլելու միջին արագությունն է: Չնայած Մարսի վրա ցածր ձգողականությանը (Երկրի ձգողականության մոտ 40%-ը)՝ Իյգիթը կասկածում է, թե այս մոլորակի մակերևույթին մարդու քայլելու արագությունը կարող է շատ տարբեր լինել: Ինչպես ցանկացած զբոսաշրջիկ, որը ճանապարհորդում է Երկրի վրա, տիեզերագնացը, հավանաբար, իր վրա կկրի պաշարների մեծ բեռ, ինչպիսիք են թթվածինը, ջուրը և սնունդը, ինչպես նաև տիեզերական ծանր կոստյում:

Եթե ​​տիեզերագնացը պարզապես շրջեր Մարսի շուրջը նույն արագությամբ՝ առանց կանգ առնելու, ապա նրանից կպահանջվեր մոտ 4290 ժամ՝ մոլորակի շուրջը մեկ ամբողջական պտույտ անելու համար։ Մարսյան օրվա ընթացքում (որը կոչվում է սոլ և տևում է մոտ 24,7 ժամ), դա կկազմի մոտ 174 սոլ՝ մի փոքր ավելի, քան մարսյան տարվա (668,6 սոլ) քառորդը:

Քանի որ ոչ ոք չի կարող անդադար քայլել այդքան ժամանակ, այս հաշվարկում պետք է ներառվեն այլ գործոններ, օրինակ՝ քնի ընդմիջումները (եթե ենթադրենք, որ մարդը կսնվի և ջուր կխմի քայլելու ընթացքում): Եթե տիեզերագնացն ամեն գիշեր քնի մոտ 8 ժամ, դա մոտ 56 սոլ կավելացնի նրա ճանապարհորդությանը: Եվ եթե նա ստիպված լինի ևս 4-5 ժամ կանգ առնել յուրաքանչյուր մեկ սոլի ընթացքում, որպեսզի հանգստանա, հագուստը փոխի, լվացվի և փոքրիկ վրան տեղադրելի, իսկ այնուհետև հավաքի այն, ապա դրա համար կպահանջվի ևս 30 կամ 35 սոլ, կախված կանգառների երկարությունից:

Ստացվում է, որ, ըստ ամենաիրատեսական գնահատականների՝ մոլորակի շուրջ մեկ ամբողջական պտույտ կարելի է անել առնվազն 265 սոլի ընթացքում, ինչը կազմում է մարսյան տարվա մոտ 40%-ը։ Սակայն այս հաշվարկը հաշվի չի առնում պոտենցիալ խոչընդոտները, ինչպիսիք են անհարթ տեղանքը: Մարսն ունի բազմաթիվ լեռներ, որոնցից մի քանիսն ավելի բարձր են, քան Երկրի ցանկացած լեռ, ինչպես նաև հովիտներ, խառնարաններ և երկրաբանական շատ այլ առանձնահատկություններ: Կան նաև մի շարք այլ լոգիստիկ խնդիրներ․ հազիվ թե մարդը կարողանա իր հետ վերցնել սննդի, ջրի և թթվածնի բավարար պաշար՝ նման ճանապարհորդությունը միայնակ կատարելու համար։


 
 
 
 
  • Արխիվ