ԱՄՆ հետախուզության պատվերով SpaceX-ը լրտեսական հարյուրավոր արբանյակների ցանց է ստեղծում

18 մարտի, 2024  10:20

Իլոն Մասկի SpaceX օդատիեզերական ընկերությունը ԱՄՆ ռազմական հետախուզության համար հարյուրավոր լրտեսական արբանյակներից բաղկացած ցանց է ձևավորում Երկրի ցածր ուղեծրում, իսկ 2020-ից ի վեր պայմանագրի գումարը կազմում է 1,8 միլիարդ դոլար, տեղեկացնում է Reuters գործակալությունը։  

SpaceX ստորաբաժանումը, որը պատասխանատու է այս նախագծի իրականացման համար, կոչվում է Starshield: Դեռևս 2020-ին ընկերությունն սկսեց ուղեծիր դուրս բերել հետախուզական արբանյակների նախատիպերը, որոնք հնարավորություն են տալիս արագ ստանալ Երկրի մակերևույթի գրեթե ցանկացած թիրախի պատկերներ՝ մարտավարական և օպերատիվ մակարդակով ռազմական գործողություններ պլանավորելու համար:

Նման արբանյակների առաջին նախատիպերը, որոնցից այժմ կան ավելի քան տասը, SpaceX-ն արձակել է 200 միլիոն դոլար արժողությամբ առանձին պայմանագրի շրջանակում սկսած 2020-ից, սակայն մեկ տարի անց ստորագրվել է 1,8 միլիարդ դոլարի պայմանագիր, որը ներառում է այդ նպատակի համար մի քանի հարյուր արբանյակ արձակելու պարտավորություն։

Ընդգծվում է, որ Starshield հետախուզական ցանցը կգործի գոյություն ունեցող Starlink համաստեղությունից անկախ, սակայն այն ևս կտեղակայվի ցածր ուղեծրում։ Բացի օպտիկական սենսորներից, SpaceX-ի հետախուզական արբանյակները կպահանջեն սարքավորումներ օպտիկական կապուղիներով տեղեկատվության արագ փոխանցման համար, որն ընկերության կարիքների համար մշակում են երրորդ կողմի կապալառուները։

Ամբողջ նախագիծը մնում է գաղտնի, սակայն դրա մասին առաջին հիշատակումը եղել է The Wall Street Journal-ում դեռ այս տարվա փետրվարին։ Reuters-ի փոխանցմամբ՝ Starshield ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Ռազմական տիեզերական հետախուզության ազգային գրասենյակի (NRO) շահերից ելնելով։ Փորձագետները բացատրում են, որ եթե այս նախաձեռնությունը հաջողվի, ԱՄՆ ռազմական գերատեսչությունները կստանան հետախուզական հզոր համակարգ, որը թույլ կտա արագ հետևել թշնամու ցամաքային զորքերի տեղաշարժերին գրեթե ամբողջ աշխարհում։


 
 
 
 
  • Արխիվ