Ինչո՞ւ է iPhone 15-ի գինը Չինաստանում շարունակում նվազել․ այժմ արդեն նվազագույն նոր գին է գրանցվել

15 մարտի, 2024  12:15

Չինաստանում iPhone 15-ի գները հասել են նոր նվազագույնի այն բանից հետո, երբ Apple-ը ևս մեկ քայլ կատարեց՝ գնորդներին գրավելու համար: Հաղորդվում է, որ պաշտոնական առաջատար Apple Store Tmall խանութը գործարկել է թրեյդին՝ փոխանակման ծառայություն, որի շրջանակում գնորդները կարող են իրենց հին iPhone-ները փոխանակել նորերով։

Apple-ի կողմից լիազորված շատ խանութներ, ինչպիսիք են China Mobile-ի առաջատար խանութը, նույնպես գործարկել են փոխանակման այս ծրագիրը՝ iPhone 15 սերիայի համար առավելագույնը $140 զեղչ սահմանելով: Դրանից հետո iPhone 15-ի գինը (128 ԳԲ ներկառուցված հիշողությամբ) սկսվում է $630-ից:

NEWS.am Tech-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Չինաստանի մանրածախ առևտրի խոշորագույն խանութներ JD.com-ը, TMall-ը և Pinduoduo-ն պայքարում են հաճախորդների համար՝ իջեցնելով iPhone 15-ի գները դրանց գործարկումից ընդամենը հինգ ամիս անց, քանի որ Apple-ի արտադրանքի վաճառքը Չինաստանում զգալիորեն նվազել է և ընկերությունը աճող ճնշման է ենթարկվում մրցակիցների կողմից, ինչպիսիք են Huawei-ը և Xiaomi-ն:

Անցյալ ամիս Apple-ն իր պաշտոնական կայքում մինչև 70 դոլարի զեղչեր էր առաջարկել iPhone-ների համար։ Փետրվարի վերջին երրորդ կողմի մանրածախ վաճառողներն իջեցրել էին iPhone 15 սերիայի բոլոր չորս մոդելների՝ iPhone 15-ի, iPhone 15 Plus-ի, iPhone 15 Pro-ի և iPhone 15 Pro Max-ի գները։ Ընդ որում, զեղչերը հասնում էին մոտ $200-ի (Apple-ի կայքում նշված գնի համեմատ):


 
 
 
 
  • Արխիվ