Starship տիեզերանավի հետ կապը կորել է․ ի՞նչ է տեղի ունեցել

15 մարտի, 2024  10:05

Ամերիկյան SpaceX ընկերությունը հայտնել է, որ կորցրել է Starship տիեզերանավը, որի երրորդ փորձնական արձակումն իրականացվել էր երեկ։ Տիեզերանավի հետ կապը կորել է փորձնական թռիչքի ավարտին, երբ այն մոտենալիս է եղել Երկրի մթնոլորտին։ Ըստ ծրագրի՝ տիեզերանավը պետք է կատարեր մերձերկրյա թռիչք և վայրէջք կատարեր Հնդկական օվկիանոսում։

Տիեզերանավի հետ կապը կորել է թռիչքի 49-րդ րոպեին, երբ սարքը մթնոլորտ է մտել 77 կմ բարձրության վրա։ Տիեզերանավն սկսել է մոտենալ Պարսից ծոցին, սակայն սպասվող «կոշտ վայրէջքը» տեղի չի ունեցել։ Starship-ում ուժեղ ցնցումներ են սկսել, ինչից հետո 65 կմ բարձրության վրա տեսակապն ընդհատվել է։

Նշենք, որ թռիչքը մի քանի նպատակ ուներ՝ տիեզերանավը հասցնել Երկրի ցածր ուղեծիր, Raptor շարժիչի վերագործարկումը տիեզերքում (հաջողությամբ կատարվել է), փորձարկել բեռնախցիկի դռան ֆունկցիոնալությունը (այն հաջողությամբ բացվել է և փակվել), տիեզերքում կատարել կրիոգեն վառելիքի փոխանցում, ինչը ևս հաջողությամբ իրականացվել է։ Վերջին երկու առաջադրանքները կարևոր են նաև կոմերցիոն նպատակներով։ Այնուհետև տիեզերանավը պետք է մտներ Երկրի մթնոլորտ և կոշտ վայրէջք կատարեր Հնդկական օվկիանոսում, սակայն տիեզերանավի հետ կապը կորել է։

Սա առաջին դեպքն է, երբ Starship-ին հաջողվում է իրականացնել պլանավորված թռիչքը։ Նախորդ երկու փորձնական արձակման ժամանակ տիեզերանավը պայթել էր։ Վերջին անգամ՝ 2023-ի նոյեմբերին, պայթել էր հրթիռը, երբ այն անջատվել էր տիեզերանավից։ Առաջին փորձնական արձակման ժամանակ պայթյունը տեղի էր ունեցել թռիչքի ժամանակ։

Starship-ը գերծանր, բազմակի օգտագործման երկաստիճան համակարգ է, որը բաղկացած է Super Heavy մեկնարկային մեքենայից և Starship տիեզերանավից, որը մշակել է SpaceX-ը: Ընկերությունն ակնկալում է, որ ապագայում տիեզերանավը կկարողանա թռնել ուղեծիր և անվնաս վերադառնալ։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նաև միջմոլորակային թռիչքներ։ 


 
 
 
 
  • Արխիվ