James Webb-ը հայտնաբերել է առաջին միաձուլվող գալակտիկաների զույգ, երևույթ, որը չպետք է տեղի ունենար այն ժամանակ

15 մարտի, 2024  20:15

Քսանյոթ գիտնականներից կազմված միջազգային թիմը Nature Astronomy ամսագրում հրապարակել է հոդված այն մասին, որ իրենց հաջողվել է հայտնաբերել միաձուլվող գալակտիկաների ամենավաղ շրջանի զույգ: Իրադարձությունը տեղի է ունեցել Մեծ պայթյունից 510 միլիոն տարի անց: Այդ ժամանակաշրջանի համար նույնիսկ գալակտիկա հայտնաբերելը հազվագյուտ հաջողություն է, իսկ միաձուլվող գալակտիկաների զույգ հայտնաբերելն առհասարակ դժվարընկալելի երևույթ է, տեղեկացնում է Interestingengineering.com-ը։

Ավստրալիայից, Թաիլանդից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Դանիայից և Չինաստանից գիտնականները մանրակրկիտ աշխատել են վերծանելու այն, ինչ տեսել են վաղ տիեզերքում: Դատելով պատկերից՝ դրանք պետք է լինեին մոտ 20 միլիոն տարեկան երիտասարդ աստղեր։ James Webb տիեզերական աստղադիտակի NIRSpec գործիքի միջոցով սպեկտրային վերլուծությունը ցույց է տվել, որ աստղերի տարիքը 120 միլիոն տարի է՝ 20 միլիոն շեղումով: Օբյեկտի հետագա ուսումնասիրությունը թույլ է տվել եզրակացնել, որ այս համակցության մեջ զարմանալի ոչինչ չկա: Լուսանկարում պատկերված է երկու միաձուլվող գալակտիկաներ՝ մեկը երիտասարդ և մյուսը՝ ծեր:

Միաձուլման մասին է վկայում նաև փաստը, որ պատկերում տեսանելի է միաձուլման ժամանակ առաջացող մակընթացային պոչը: Երբ գալակտիկաները միաձուլվում են, նյութի և նույնիսկ առանձին աստղերի արտանետումը պոչի կամ հետքի տեսքով սովորական երևույթ է։ Այս իրադարձությունն անսովոր է դարձնում այն, որ գալակտիկաներից առնվազն մեկը բավականաչափ ժամանակ չի ունեցել, որպեսզի զարգանա այնպես, ինչպես գիտնականները պատկերացնում էինք James Webb-ի տվյալներն ուսումնասիրելիս։ Այս աստղադիտակը հերթական անակնկալն է մատուցել՝ բացահայտելով մի բան, որը, ըստ գոյություն ունեցող տեսությունների, չպետք է տեղի ունենար այդ ժամանակ։

Նոր դիտարկումները վկայում են, որ Մեծ պայթյունից անմիջապես հետո զանգվածը և մետաղներն արագ և արդյունավետ կուտակվել են միաձուլումների միջոցով՝ հստակ ցույց տալով, որ վաղ ժամանակներում կային հսկայական գալակտիկաներ մի քանի միլիարդ աստղերով: Hubble հնարավորություն չէր տալիս դա տեսնել, և տեսաբանները վստահ էին իրենց համոզմունքներում: Մինչդեռ James Webb-ը էապես փոխում է պատկերացումները վաղ տիեզերքում աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի մասին: Ըստ աղբյուրի՝ հիմնական տեսությունները վերանայելու համար դեռ քիչ տվյալներ կան, սակայն դրանց բազան աճում է, և տասնամյակի վերջում գուցե մարդկությունը ունենա տիեզերքի էվոլյուցիայի մասին նկատելիորեն լրացված և նույնիսկ որոշ տեղերում փոփոխված տեսություն:


 
 
 
 
  • Արխիվ