Ի՞նչպես է Մարսն ազդում Երկրի և դրա կլիմայի վրա

14 մարտի, 2024  22:23

Գիտնականները վստահեցնում են, որ Մարսի ձգողականությունը կարող է բավականաչափ ուժեղ լինել Երկրի օվկիանոսների վրա և հետևաբար նաև Երկրի կլիմայի վրա ազդելու համար։

Վաղուց հայտնի է, որ Արեգակի շուրջը Երկրի ուղեծրի տատանումներն ազդում են մոլորակի կլիմայի վրա, և այդ շրջափուլերը գործում են ժամանակաշրջաններով, որոնք չափվում են հազարավոր տարիներով: Սիդնեյի համալսարանից Ադրիանա Դուտկևիչը և նրա գործընկերները հայտարարել են, որ իրենք հայտնաբերել են 2,4 միլիոն տարի տևողությամբ «Մեծ շրջափուլ», որը, իրենց կարծիքով, կառավարում է Մարսը և առնվազն 40 միլիոն տարի ազդել է Երկրի օվկիանոսների հոսանքների վրա:

Այս շրջափուլի մասին վկայող ապացույցներն ստացվել են մոտ ծովային 300 խորը հորատման միջուկներից, որոնց վրա հայտնաբերվել են օվկիանոսի նստվածքների փոփոխությունները: Ըստ օվկիանոսագետների՝ օվկիանոսային կայուն հոսանքների ժամանակաշրջաններում նստվածքը պետք է տեղավորվեր կայուն շերտերում, սակայն արտասովոր հոսանքները և հորձանուտները կուտակումներ են ձևավորել այլ շրջաններում:

Ըստ թիմի՝ տեղումների բացակայությունը կամ ընդմիջումները համընկնում են այն ժամանակաշրջանների հետ, երբ Մարսի ձգողականությունն իր ամենամեծ ուժն է գործադրում Երկրի վրա՝ փոքր-ինչ ազդելով մեր մոլորակի ուղեծրի կայունության վրա: Սա փոխում է արեգակնային ճառագայթման մակարդակը և կլիման, ինչն արտահայտվում է օվկիանոսներում ավելի ուժեղ հոսանքներով և հորձանուտներով:

Թիմի անդամ Դիտմար Մյուլերը, որը նույնպես Սիդնեյի համալսարանի գիտաշխատող է, խոստովանում է, որ Երկրի և Մարսի միջև հեռավորությունն այնքան մեծ է, որ դժվար է պատկերացնել, որ Մարսը որևէ զգալի ձգողական ազդեցություն կարող է ունենալ Երկրի վրա: «Սակայն կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ուժեղացնել նույնիսկ փոքր փոփոխությունները: Մարսի ազդեցությունը Երկրի կլիմայի վրա նման է թիթեռի էֆեկտին»,- ասում է նա։

Լիդսի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Բենջամին Միլսն ասում է, որ հորատված միջուկները վկայում են շրջակա միջավայրի գլոբալ փոփոխության մեջ «մեգաշրջափուլերի» առկայության մասին. «Մեզնից շատերը դիտարկել են այս բազմամիլիոն շրջափուլերի արդյունքը մի շարք երկրաբանական, երկրաքիմիական և կենսաբանական տվյալներում, ներառյալ «կյանքի պայթյունը» Քեմբրիի ժամանակաշրջանում: Այս աշխատանքն օգնում է ամրապնդել շրջակա միջավայրի փոփոխության այս գաղափարները»,- ասել է նա:

Սակայն Սիդնեյի Նոր Հարավային Ուելսի համալսարանից Մեթյու Ինգլենդն ասել է, որ թեև ինքը կարծում է, որ հետազոտությունը նպաստում է երկրաբանական մասշտաբով կլիմայական շրջափուլերի ըմբռնմանը, հետազոտության եզրակացությունները նրա համար համոզիչ չեն: «Ես թերահավատորեն եմ վերաբերվում Մարսի հետ կապին, հաշվի առնելով, որ Երկրի վրա նրա ձգողականության ազդեցությունը շատ թույլ է՝ Արեգակի միայն մեկ միլիոներորդ մասը: Նույնիսկ Յուպիտերն ավելի ուժեղ ձգողական ազդեցություն ունի Երկրի վրա»,- ասել է նա:

Մեթյու Ինգլենդը նաև ասել է, որ նույնիսկ եթե Մարսն իսկապես ազդեցություն ունի Երկրի վրա, ապա դա շատ աննշան է՝ համեմատած մարդածին գործոնների հետևանքով առաջացած կլիմայական փոփոխությունների հետ:

 


 
 
 
 
  • Արխիվ