Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են միջուկային ռեակտոր ուղարկել Լուսին

13 մարտի, 2024  17:32

Ռուսաստանը և Չինաստանն ուսումնասիրում են 2033-2035 թվականներին Լուսին ատոմակայան ուղարկելու և այնտեղ այն գործարկելու հնարավորությունը: Նախագիծը կարող է իրականացվել ավտոմատ կերպով՝ օգտագործելով ռոբոտային միջոցներ. դրա համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաներն արդեն կան, ասել է Ռոսկոսմոսի ղեկավար Յուրի Բորիսովը։

«Այսօր մենք լրջորեն քննարկում ենք մի նախագիծ, որի շրջանակում մոտ 2033-2035 թվականների վերջին նախատեսում ենք մեր չինացի գործընկերների հետ միասին էլեկտրակայան առաքել և տեղակայել Լուսնի մակերևույթին»,- Յուրի Բորիսովի խոսքերն է մեջբերում գրում է ՏԱՍՍ-ը։

Միջուկային ռեակտորը, որն էներգիայի ավելի հուսալի և հզոր աղբյուր է արևային մարտկոցների համեմատ, անհրաժեշտ կլինի Լուսնի մակերեսին կառուցվելիք բազային էլեկտրաէներգիա մատակարարելու համար:

Ռուսաստանն ու Չինաստանը լուսնային օդաչուավոր առաքելություններ դեռ չեն իրականացրել: Չինաստանը Լուսնի վրա իր ներկայությունն ապահովել է 2013 թվականից, երբ Chang'e-3 առաքելության շրջանակում Լուսնի մակերեսին վայրէջք կատարեց չինական սարքը՝ լուսնագնացով: 2019 և 2020 թվականներին Չինաստանի հաջողությունն ամրապնդեցին համապատասխանաբար Chang'e-4 և Chang'e-5 առաքելությունները:

Ռուսական Луна-25 տիեզերանավը անցյալ տարվա օգոստոսին չկարողացավ փափուկ վայրէջք կատարել և վթարվեց Լուսնի մակերեսին:


 
 
 
 
  • Արխիվ