Ի՞նչ են անալոգային տիեզերագնացներն անելու հայկական լեռներում և ինչպե՞ս կօգնի նրանց աշխատանքը դեպի Մարս ապագա առաքելություններին

12 մարտի, 2024  18:16

Անալոգային տիեզերագնացները դժվար թե երբևէ թռնեն տիեզերք: Սակայն այստեղ՝ Երկրի վրա, նրանք կատարում են կարևոր աշխատանք, որի արդյունքներն անգնահատելի դեր կխաղան տիեզերական ապագա առաքելություններում։ Նման նախապատրաստական ​​առաքելության շրջանակում անալոգային վեց տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը ժամանել է Հայաստան և գրեթե մեկ ամիս կանցկացնի Արարատի մարզի լեռներում. նրանց հետազոտությունները կօգնեն նրանց, ովքեր 20 կամ նույնիսկ 10 տարի հետո կթռնեն Մարսը նվաճելու։

Հայկական նախաձեռնող խմբի անդամ, Հայկական տիեզերական ֆորումի ղեկավար Հայկ Ասլանյանը NEWS.am Tech-ին տված հարցազրույցում պատմել է, որ «տիեզերական կայանի» գտնվելու վայրը, որտեղ վեց անալոգային տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը կանցկացնի առաջիկա շաբաթների ընթացքում, պատահական չի ընտրվել․ այն ժայռոտ սարահարթ է, որը երկրաբանական և տեղագրական առումով շատ նման է Մարսի լանդշաֆտներին:

Առաքելությունն անցկացվում է Մարսի անալոգային հետախուզական հեղինակավոր ծրագրի («AMADEE-24») շրջանակում: Դրա իրականացման համար պատասխանատու են Հայաստանի օդատիեզերական գործակալությունը, Հայկական տիեզերական ֆորումը և Ավստրիական տիեզերական ֆորումը։

Կարո՞ղ են հայերն առաջինը ոտք դնել Մարսի մակերեսին

Ասլանյանի խոսքով՝ մարդու առաջին թռիչքը դեպի Մարս տեղի կունենա նույնիսկ ավելի շուտ, քան մենք կարող ենք պատկերացնել. այն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս հասնել Կարմիր մոլորակ, գոյություն ունեն երկար տարիներ, իսկ մոտ ապագայում դրանք էլ ավելի կկատարելագործվեն։ Մի քանի հայտնի միլիարդատերեր, այդ թվում՝ Իլոն Մասկը, ակտիվորեն ներդրումներ են կատարում Մարսի հետազոտման հետ կապված տարբեր ծրագրերում, և նրանց հետաքրքրությունն էլ ավելի կարագացնի բոլոր գործընթացները և կմեծացնի հաջողության հասնելու հավանականությունը։  

Ներկայումս Մարսի վրա «բնակվում են» միայն ռոբոտներ, որոնցից առաջինը, որն ուշագրավ է, մշակել է հայկական ծագումով գիտնական Ալեքսանդր Քեմուրջյանը։ Խորհրդային Միության ժամանակներից հայերը կարևոր դեր են խաղացել տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գործում, և այժմ նրանք չպետք է հետ մնան։ Ասլանյանը չի բացառում, որ հայերը կարող են լինել առաջին մարդկանցից, որոնք ոտք կդնեն Մարսի վրա։

«Սերունդը, որը ոտք կդնի Մարսի վրա, արդեն ապրում է մեր կողքին. նրանք արդեն 10-15 տարեկան են։ Միգուցե նույնիսկ Հայաստանից մեկը լինի Մարսի ապագա նվաճողների թվում»,- ասաց նա։

Առաքելությունը միանգամայն հնարավոր է․ պատրաստվել դեպի Մարս թռիչքին

Անձնակազմի հրամանատար Անիկա Մեհլիսը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ծրագրի նպատակն է փորձարկել մի շարք գործընթացներ, որոնք պետք է իրականացվեն դեպի Մարս առաջին իրական առաքելության ժամանակ։ Նա և իր թիմը գրեթե մեկ ամիս մեկուսացած կլինեն հայկական լեռներում գտնվող տիեզերական կայանի սիմուլյատորում, որտեղ տարբեր հետազոտություններ (երկրաբանական, կենսաբանական և այլն) կանցկացնեն և կփորձարկեն մարսագնացները և ռոբոտային տեխնիկան։ «Երկրի» հետ շփումը կիրականացվի 10 րոպե ուշացումով՝ այնպես, ինչպես կլիներ, եթե նրանք իսկապես Մարսի վրա լինեին։ Իսկ կայանից նրանք կկարողանան դուրս գալ միայն տիեզերական հատուկ հանդերձանքով։ Ճիշտ է, մակերեսին տեղաշարժվել հնարավոր կլինի ոչ միայն ոտքով, այլ նաև հատուկ կվադրոցիկլներով։

«Տիեզերական հանդերձանքի սիմուլյատորները շատ ծանր են․ դրանք գրեթե 50 կիլոգրամ են կշռում, և բոլորիս համար դա բավականին դժվար է: Մենք շատ ենք մարզվել, որպեսզի լավ մարզավիճակում լինենք և կարողանանք նման հանդերձանքով աշխատել, սակայն եթե մի քանի օր անընդմեջ աշխատում ես դրանով, ապա դա իսկապես զգացնել է տալիս իրեն, իսկ հետո վերականգնվելու համար ժամանակ է պետք»,- ասաց Մեհլիսը։

Տիեզերական հանդերձանքը բավականին նման է իրական տիեզերական առաքելություններում օգտագործվողներին, սակայն դրանց վրա չկան թթվածնի բալոններ. տիեզերագնացները կշնչեն իրական արարատյան օդը: Նման տիեզերական հանդերձանք հագնելու և ամեն ինչ միացնելու համար մոտ 2-3 ժամ է պահանջվում։ Իսկ այն հանելու համար՝ ևս մոտ կես ժամ:

AMADEE-24 Armenia space suit.jpg (319 KB)

Ծրագրի ընթացքում անալոգային տիեզերագնացների յուրաքանչյուր օրը կկանոնակարգվի այնպես, ինչպես իրական առաքելությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ Միջազգային տիեզերակայանում:

«Առավոտյան վեր կկենանք, կնախաճաշենք, ճեպազրույց կանցկացնենք, հետո կանցնենք փորձարկումներին։ Մենք նաև դուրս կգանք, միշտ երկուսով, տիեզերական հանդերձանքի սիմուլյատորներով, որպեսզի հետազոտության համար տարբեր նմուշներ հավաքենք և այլն։ Մնացածը կմնան ներսում ու կշարունակեն իրենց գործը։ Կլինեն օրեր, երբ մենք կկարողանանք մի փոքր հանգստանալ, զեկույցներ պատրաստել և այլն»,- ասաց անձնակազմի հրամանատարը։

Ծրագրի ընթացքում նրանք կուտեն ոչ թե տիեզերական, այլ միանգամայն «սովորական» սնունդ, որի պաշարները նախօրոք կհասցվեն կայան։ Սննդի մեծ մասը, ինչպես ակնկալում է հրամանատարը, կլինի պահածոյացված կամ չորացրած, սակայն տիեզերագնացները կկարողանան տեղում դրանից ինչ-որ բան պատրաստել: 

Քանի որ առաքելությունը շատ կարճ է, տիեզերագնացների ազատ ժամանակը, նրա խոսքով, շատ սահմանափակ կլինի։ Այդուհանդերձ, Մեհլիսը որոշակի պատկերացում ունի այն մասին, թե ինչպես լրացնել այդ ազատ ժամանակը. նախկինում նա առիթ ունեցել է մասնակցելու նման առաքելության, և այդ ժամանակ ինքը և անձնակազմը միասին կերակուր էին պատրաստում, զրուցում էին, գրքեր կարդում և ի վերջո փորձում էին քնել։

Անիկա Մեհլիսի խոսքով՝ այս ծրագրի հիմնական նպատակն է սիմուլյացիոն պայմաններում պարզել, թե ինչպես կարելի է ամենաարդյունավետ կերպով կազմակերպել մարդկանց և ռոբոտների աշխատանքը Մարսի իրական առաքելության ժամանակ, հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ և ինչպես կարելի է խուսափել դրանցից կամ լուծել դրանք։ Բացի դրանից՝ հավաքված տվյալները կօգնեն բարելավել սարքավորումներն ու տիեզերական հանդերձանքը, որոնք կօգտագործվեն ապագա առաքելություններում:

«Տասը-քսան տարի հետո, երբ մարդիկ թռնեն Մարս, մենք կհետևենք նրանց հաջողություններին և կմտածենք, որ նրանց հագած տիեզերական հանդերձանքի այսինչ մասը մշակվել է մեր շնորհիվ»,- ասաց նա։  

Հակադիր կողմերն իրար են ձգում, իսկ վեճի արդյունքում ճշմարտությո՞ւն է ծնվում․ սա տիեզերքում չի աշխատի

Գեղարվեստական ​​ֆիլմերի և գրքերի հեղինակները սիրում են մեկ խմբում հավաքել շատ տարբեր բնավորություններով և աշխարհայացքներով մարդկանց. նրանց միջև կոնֆլիկտներն ավելի հետաքրքիր են դարձնում սյուժեն։ Իրական տիեզերական առաքելություններում նման տարբեր մարդիկ դժվար թե հայտնվեն նույն թիմում. հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի անդամների համատեղելիությանը, քանի որ այդ մարդիկ ստիպված են լինելու միասին ապրել և աշխատել վտանգավոր, դժվարին պայմաններում, և նրանց միջև առկա փոխըմբռնումից է կախված թե՛ առաքելության հաջողությունը, և թե՛ նրանց գոյատևելու և տուն վերադառնալու հնարավորությունը։

AMADEE-24 team.jpg (113 KB)

Անալոգային տիեզերագնաց Ինիգո Մունյոս Էլորսան՝ AMADEE-24 ծրագրի անձնակազմի անդամներից մեկը, NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց, որ թե՛ իրական, թե՛ անալոգային տիեզերագնացներն անցնում են ընտրական խիստ գործընթաց, և մեծ ուշադրություն է դարձվում թեկնածուների հոգեբանական բնութագրին։

«Մենք բոլորս անցնում ենք հոգեբանական թեստեր, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ինչպիսին է տվյալ մարդը, ինչ բնավորություն ունի, կարո՞ղ է աշխատել ճնշման տակ, հաղթահարել սթրեսային իրավիճակները, կարո՞ղ է թիմում աշխատել, հետևել հրամաններին, անհրաժեշտության դեպքում ստանձնել հրամանատարությունը․ այս ամենը շատ կարևոր է տիեզերական առաքելությունների համար»,- ասաց նա:  

Դեպի Մարս առաքելությունները կտևեն մոտ երկու տարի կամ նույնիսկ ավելի երկար, և, հետևաբար, չափազանց կարևոր է հավաքել այնպիսի թիմ, որի անդամները կկարողանան արդյունավետ համագործակցել միմյանց հետ: AMADEE-24 ծրագիրը կարող է որոշակի օգնություն տրամադրել նաև այս հարցում. թեև ծրագրի մասնակիցները մեկուսացման մեջ պետք է մեկ ամսից պակաս ժամանակ անցկացնեն միասին՝ նրանց փորձը պետք է օգնի մշակել անձնակազմի անդամների ընտրության և երկար առաքելություններին նախապատրաստելու ճիշտ մոտեցումներ:

Ռովերի նախատիպ, որը կթռնի Մարս

Գերալդ Շտայնբաուեր-Վագները և նրա թիմը մշակել են ռովերի նախատիպ, որն ապագայում տիեզերագնացների հետ կհետազոտի Մարսը: Իսկ մինչ այդ անալոգային տիեզերագնացները ռովերի նախատիպը փորձարկում են հայկական լեռներում։

Շտայնբաուեր-Վագներն ասաց, որ այս մարսագնացը կարող է ուղարկվել տարածքն ուսումնասիրելու, որպեսզի տիեզերագնացներն առանց խիստ անհրաժեշտության ստիպված չլինեն հագնել տիեզերական հանդերձանքն ու դուրս գալ կայանից. այն ունի ռոբոտային թև, սպեկտրոսկոպ, լազեր, տեսախցիկներ և այլ սարքեր, որոնք կօգնեն վերլուծել հետաքրքրություն ներկայացնող տարբեր վայրերը, հողը, ժայռերը և նույնիսկ փնտրել կյանքի և ջրի նշաններ:

«Կարևոր է նշել, որ սա կիսաինքնավար ռովեր է, և տիեզերագնացները կարող են ցանկացած պահի ստանձնել դրա կառավարումը: Եթե ​​նա, օրինակ, բարձրացել է ինչ-որ տեղ ու լռվել, տիեզերագնացը կարող է ստանձնել կառավարումը, այն բերել ավելի հարմար տեղ, իսկ հետո ռովերն ինքնուրույն կշարունակի իր ճանապարհը»,- պարզաբանեց գիտնականը։  

Շտայնբաուեր-Վագների և նրա թիմի մշակած ռովերները մասնակցել են AMADEE-ի բոլոր երեք առաքելություններին՝ 2018-ին Օմանում, 2021-ին Իսրայելում, իսկ այժմ՝ արդեն Հայաստանում։ Նոր ռովերը, որը կփորձարկվի այստեղ, ունի բարելավված կոնֆիգուրացիա և ռոբոտային «թև», որը չի եղել նախորդ տարբերակներում։

Ճիշտ է, նման մարսագնացին չի ստացվի ուղարկել մարսյան իրական առաքելության. դրա սարքային մասը, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում պարզաբանեց Շտայնբաուեր-Վագները, չի աշխատի Կարմիր մոլորակի վրա։ Բանն այն է, որ ռովերի այս նախատիպն աշխատում է անվադողերով, որոնց մեջ ճնշում կա, և այն լավ է հաղթահարում հայկական լեռների զառիթափ լանջերը, սակայն Մարսում ռովերին անհրաժեշտ կլինեն մետաղական հատուկ համաձուլվածքից պատրաստված անվադողեր: Բացի դրանից՝ ռովերին անհրաժեշտ կլինի ջերմային կառավարման համակարգ, որը նրան կօգնի դիմանալ ծայրահեղ ցրտերին:

Լուսանկարները՝ Սևան Իրիցյանի, NEWS.am Tech


 
 
 
 
  • Արխիվ