Երկամյա անկումից հետո սմարթֆոնների վաճառքը կտրուկ աճել է․ որո՞նք են առաջատարները

12 մարտի, 2024  14:09

2023-ի չորրորդ եռամսյակում վերականգնվել են սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալները՝ ազդարարելով ութ եռամսյակ տևած անկման ավարտը: Չորրորդ եռամսյակում ամբողջ աշխարհում արտադրվել է 337 մլն սմարթֆոն, ինչը 12,3%-ով գերազանցում է նախորդ եռամսյակի ցուցանիշը։ Չնայած այս տպավորիչ աճին, ողջ 2023-ի ընթացքում արտադրությունը 2022-ի համեմատ նվազել է 2,1%-ով՝ հասնելով 1,166 միլիարդ միավորի, տեղեկացնում է TrendForce վերլուծական ընկերությունը։

Փորձագետները սմարթֆոններ արտադրողների համար կանխատեսում են «պայծառ ապագա»։ Այնուամենայնիվ, շուկայի վերականգնման տեմպերը դեռևս պարզ չեն: Ուշադրության կենտրոնում են արհեստական բանականության հավելվածները, և սմարթֆոնների բոլոր արտադրողները ջանքեր են գործադրում արհեստական բանականությամբ աշխատող սմարթֆոնների հաջորդ սերնդի գործարկման համար:

Apple-ը չորրորդ եռամսյակում աչքի է ընկել արտադրության 58,6% աճով՝ շնորհիվ iPhone 15 շարքի շուրջ տիրող ոգևորության և դրանով ամրապնդել առաջատարի իր դիրքերը՝ վաճառելով մոտ 78,5 միլիոն սմարթֆոն: Այնուամենայնիվ, տարվա կտրվածքով Apple-ը զբաղեցրել է միայն երկրորդ տեղը՝ տարեկան արտադրության 4,2%-ով նվազման պատճառով՝ արտադրելով մինչև 223 մլն միավոր արտադրանք։ Սպասվում է, որ Huawei-ի աշխուժացման ֆոնին Apple-ը կբախվի հետագա աճող մրցակցությանը Չինաստանի շուկայի պրեմիում սեգմենտում, որտեղ երկու ապրանքանիշերն էլ հավակնում են սպառողական նույն բազային:

TrendForce .jpg (225 KB)

Samsung-ը չորրորդ եռամսյակում գրանցել է արտադրության 11% անկում՝ մինչև մոտ 53,5 միլիոն միավոր՝ պահպանելով երկրորդ տեղը եռամսյակի ընթացքում։ Ընկերությանը հաջողվել է պահպանել ընդհանուր առաջին տեղը՝ 2023-ին առաքված 229 միլիոն սմարթֆոնով, թեև ընկերության տարեկան արտադրությունը նվազել է 11,3%-ով, իսկ Apple-ի նկատմամբ նրա առավելության մարժան կրճատվել է մինչև 0,5%:

Xiaomi-ն (ներառյալ Xiaomi-ն, Redmi-ն և Poco-ն) չորրորդ եռամսյակում ավելացրել է արտադրությունը 0,7%-ով` արտադրելով 43,1 միլիոն սմարթֆոն և պահպանելով երրորդ տեղը եռամսյակային և տարեկան կտրվածքով, չնայած տարեկան 6,1% անկմանը (147 մլն միավոր):

Oppo-ն (ներառյալ Oppo-ն, Realme-ն և OnePlus-ը) եռամսյակային աճ է գրանցել 3,4%-ով, իսկ ամբողջ տարվա արտադրությունը նվազել է 4,1%-ով և կազմել 139 մլն միավոր: Սա ընկերությանն ապահովել է չորրորդ հորիզոնականը և՛ տարեկան, և՛ եռամսյակային վարկանիշում։

Vivo-ն (ներառյալ Vivo-ն և iQoo-ն) չորրորդ եռամսյակում արտադրել է 4,1%-ով ավելի շատ սմարթֆոն, սակայն տարեվերջին նվազել է 2,9%-ով և կազմել 93,5 մլն միավոր։ Ընկերությունը պահպանել է հինգերորդ տեղը տարեկան վարկանիշում, սակայն իջել է վեցերորդ տեղը՝ չորրորդ եռամսյակի արդյունքներով։

Transsion-ը (Tecno, Infinix և Itel ապրանքանիշերը) չորրորդ եռամսյակում ոչ միայն 11,3% աճ է ունեցել՝ արտադրելով 29,5 մլն միավոր սմարթֆոն, այլև պատմական ցուցանիշ է գրանցել՝ տարեկան արտադրությունը հասցնելով 90 մլն միավորի և գրանցելով 46,3% աճ՝ նախորդ տարվա արդյունքների համեմատ։ Չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ Transsion-ն զբաղեցրել է հինգերորդ տեղը համաշխարհային վարկանիշում։

 

 

 


 
 
 
 
  • Արխիվ