Voyager-1 շարունակում է անիմաստ ազդանշաններ ուղարկել, ինչը NASA-ին փակուղու առաջ է կանգնեցրել

8 մարտի, 2024  12:19

Օրերս NASA-ի մասնագետները խոստովանել են, որ չեն կարող լուծել խնդիրը, որն առաջացել է Voyager-1 զոնդի վրա։ 2023-ի նոյեմբերից սարքն սկսել է Երկիր փոխանցել զրոների և մեկերի փոփոխական շարք՝ հեռաչափության և գիտական ​​տվյալների փոխարեն: Խնդիրն ավելի է խորանում նրանով, որ սարքը մշակած հին թիմից ոչ ոք չի մնացել, որը կարող էր օգնել լուծելու խնդիրը: Հետևաբար, գիտնականներն ստիպված կլինեն ռիսկի դիմել և անհասկանալի հրամաններ ուղարկել զոնդին:  

Այս տարի Voyager-1 զոնդը և նրա երկվորյակ Voyager-2-ը կդառնան 47 տարեկան: Երկուսն էլ մաշվել են, և զարմանալի չէ, որ ամենահեռավոր Voyager-1 մեքենայի սարքավորումներն սկսել են լուրջ անսարքություններ ունենալ։ Voyager 1-ն այժմ գտնվում է Երկրից մոտ 24 միլիարդ կմ հեռավորության վրա: Voyager-2-ը թռչում է մի փոքր այլ հետագծով և գտնվում է մեր մոլորակից 19 միլիարդ կմ հեռավորության վրա: Առաջինին ռադիոազդանշանները հասնում են 22,5 ժամում, իսկ երկրորդին՝ 18 ժամում, այսինքն՝ սարքերին հրահանգ ուղարկելու և դրա պատասխանն ստանալու համար պահանջվում է գրեթե երկու օր։

Առաջին անգամ Voyager-1-ի սարքավորումներն սկսեցին խափանվել 2022-ի մայիսին: Հետո այն սկսեց հեռաչափության աղավաղված տվյալներ ուղարկել Երկիր: Որոշ ժամանակ անց խնդիրը շտկվեց, և ապագայում նման խնդիրներից խուսափելու համար NASA-ի ինժեներները պատրաստեցին ծրագրային շտկում։ Այն տեղադրվեց Voyager-2-ում՝ որպես ավելի քիչ արժեքավոր սարք, իսկ ծրագրային շտկումը որոշվեց ավելի ուշ տեղադրել Voyager-1-ում, եթե համոզվեն, որ Voyager-2-ի հետ խնդիրներ չեն առաջանում:

Հստակ հայտնի չէ, թե արդյոք ծրագրային շտկումն ի վերջո տեղադրվեց Voyager-1-ում: Այսպես թե այնպես, 2023-ի նոյեմբերից NASA-ի ցամաքային թիմը չի կարողանում որևէ տեղեկություն ստանալ զոնդից, ինչն անհնարին է դարձնում ոչ միայն գիտական ​​աշխատանքը, այլև զոնդի հիմնական կառավարումը և ամբողջովին զրկում NASA-ին իրավիճակը շտկելու հնարավորությունից։

Լուծում գտնելու համար թիմն ուսումնասիրել է հին ձեռնարկները և փորձել հասկանալ, թե ինչը կարող է լինել խնդրի պատճառը, ասել է Voyager-ի նախագծի ղեկավար Սյուզան Դոդը: Մինչ այժմ օպերատորները զգուշավոր են եղել՝ ընտրելով, թե ինչ հրամաններ ուղարկեն զոնդին, սակայն հետագայում, կարծես թե, ավելի ռիսկային որոշումներ պետք է կայացվեն:

Voyager սարքերի պլուտոնիումի միջոցով էներգիա մատակարարող աղբյուրն արդեն մոտ է ամբողջապես սպառվելուն և լավագույն դեպքում կարող է սնուցել զոնդը մինչև 2027-ը, ընդորում՝ խնայողության ռեժիմում: Սակայն մասնագետները դեռ պետք է կարողանան կառավարել այն, օրինակ՝ անջատելով այս կամ այն ​​ցածրարժեք գիտական ​​սարքավորումը։ Եվ եթե Voyager-2-ը  դեռ գործում է ապա Voyager-1-ը, որը կորցրել է կառավարումը, կարող է վերջնականապես դուրս գալ շահագործումից: Եթե ​​այն չվերականգնի Երկիր հեռաչափության տվյալների փոխանցումը, դրա մարտկոցը կսպառվի մոտ մեկ տարի հետո:


 
 
 
 
  • Արխիվ