«Մեռած» գալակտիկա. ինչո՞ւ է այստեղ հանկարծ դադարել աստղագոյացումը

8 մարտի, 2024  20:19

James Webb տիեզերական աստղադիտակը (JWST) հայտնաբերել է ամենահին «մեռած» գալակտիկան, որում մոտ 13 միլիարդ տարի առաջ «հանկարծակի» դադարել է աստղերի ձևավորման գործընթացը, պարզել են Քեմբրիջի համալսարանի աստղագետները։

Ըստ գիտնականների՝ դա տեղի է ունեցել Մեծ պայթյունից մոտ 700 միլիոն տարի անց:

Ինչպես տեղեկացնում է Interesting Engineering-ը, վաղ տիեզերքը շատ առեղծվածային վայր է եղել, և գիտնականները դեռ լիովին չեն հասկանում, թե ինչ է տեղի ունեցել տիեզերքի ձևավորման վաղ տարիներին: Նոր հայտնագործությունը, սակայն, միայն նոր հանելուկներ է ավելացրել:

James Webb աստղադիտակի օգնությամբ արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գալակտիկան ունեցել է աստղերի ձևավորման կարճ և արագ գործընթաց, որը տևել է մոտ 30-90 միլիոն տարի: Այնուհետև 10-20 միլիոն տարվա ընթացքում գալակտիկայում աստղերի ձևավորումը կտրուկ դադարել է: Այսինքն՝ գալակտիկան աստղերի ակտիվ ձևավորումից հանգած վիճակի է անցել շատ ավելի արագ, քան սպասվում էր։

«Տիեզերքի առաջին մի քանի հարյուր միլիոն տարիները շատ ակտիվ փուլ էին, բազմաթիվ գազային ամպեր փլուզվեցին՝ ձևավորելով նոր աստղեր,- ասել է ուսումնասիրության առաջին հեղինակ, Կավլիի տիեզերագիտության ինստիտուտի գիտաշխատող Թոբիաս Լուզերը,- Գալակտիկաներին անհրաժեշտ է գազի առատ պաշար՝ նոր աստղեր ձևավորելու համար, և վաղ տիեզերքը նման էր շվեդական սեղանի, որտեղ կարող ես ուտել այն ամենը, ինչ կարող ես»:

Գիտնականների կարծիքով՝ այդ տարիների գալակտիկաներում աստղագոյացման ակտիվությունը պետք է աստիճանաբար նվազեր, սակայն կոնկրետ այս գալակտիկայում զարմանալիորեն վաղ է դադարել աստղերի ձևավորման գործընթացը։

Ինչո՞ւ

Գիտնականները մի քանի ենթադրություն ունեն։ Հնարավոր բացատրություններից մեկը կարող է լինել գերզանգվածային սև խոռոչը գալակտիկայի կենտրոնում: Դրա հսկայական շիթերն ունակ են տեղահանել աստղային գազը գալակտիկայից՝ այդպիսով կանխելով նոր աստղերի ծնունդը:

Մյուս կողմից՝ աստղերը կարող էին արագ կլանել գալակտիկայի գազը: Այս դեպքում գալակտիկան հնարավոր է՝ չկարողանար արագ համալրել գազը, ինչը կհանգեցնի այս «շինանյութի» սպառմանը։

Այնուամենայնիվ, գիտնականները վստահ չեն, որ այս սցենարներից որևէ մեկը կարող է բացատրել այն, ինչ նրանք տեսնում են այս գալակտիկայում: Ավելին, նրանք չգիտեն՝ արդյոք այս գալակտիկայում աստղերի ձևավորման դադարեցումը նշանակում է, որ այն պարզապես հանդարտվել է և մի օր գործընթացը կվերսկսվի, թե՞ գալակտիկան վերջանականապես «մահացել է»:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ 


 
 
 
 
  • Արխիվ