Այսուհետ հնարավոր է տեսնել, թե ինչ են Webb և Hubble աստղադիտակներն ուսումնասիրում տվյալ պահին

7 մարտի, 2024  20:11

Պարբերաբար նորություններ են հայտնվում James Webb և Haubble տիեզերական աստղադիտակների միջոցով կատարված այս կամ այն ​​հայտնագործության մասին, սակայն  դրանք բոլորն արվել են մոտ մեկ տարի առաջ կամ ավելի շուտ կատարված դիտարկումների հիման վրա: Այսուհետ հնարավոր է պարզել, թե ինչ են դրանք ուսումնասիրում տվյալ պահին, ինչի համար պարզապես հարկավոր է այցելել է NASA-ն ստեղծած համապատասխան կայք, որտեղ արդեն կարելի է ընտրել, թե որ աստղադիտակի թիրախներն եք ցանկանում դիտել։

Դեռև 2016-ին, գործակալության խնդրանքով, Բալթիմորի տիեզերական աստղադիտակի գիտական ​​ինստիտուտը մշակել էր հավելված, որն աշխարհի տարբեր երկրների գիտնականներին թույլ էր տալիս տեսնել Hubble-ի նախորդ և հաջորդ թիրախները: Webb աստղադիտակի գործարկումից հետո այս գործիքը հասանելի դարձավ նաև NASA Space Telescope Live հարթակի միջոցով: Աստիճանաբար ինտերֆեյսը մշակվեց և կատարելագործվեց, որպեսզի սովորական օգտագործողը կարողանա հասկանալ այն: Նույնիսկ հիմա NASA-ն հավաքում է հավելվածի վերաբերյալ կարծիքները և խոստանում այն ​էլ ​ավելի լավը և հասանելի դարձնել:

Այդուհանդերձ, երկու աստղադիտակներից անմիջապես ստացվող տվյալները հասանելի չեն այս կայքում, քանզի դրանք պետք է մշակվեն նախքան հասանելի կդառնան հրապարակված փաստաթղթերում և NASA-ի արխիվներում, ներառյալ Space Telescope Live էջում, որտեղ կարելի է տեսնել նախկին և պլանավորված դիտման թիրախները:

Այս երկու աստղադիտակներից յուրաքանչյուրի գլխավոր էջերը ցույց են տալիս երկնքի այն տարածքը, որտեղ աստղադիտակն ուղղված է տվյալ վայրկյանին, դրա տեսադաշտը, ներգրավված սարքավորումների տեսակը և դիտարկման առաջադրանքների նկարագրությունը: Երկնքի պատկերը հիմնված է Aladin Sky Atlas ատլասի վրա և ծառայում է աստղադիտակի դիրքավորումը պատկերացնելու համար:

James Webb-ի տվյալների արխիվն սկսվում է 2022-ի հունվարին արված առաջին փորձնական նկարներից, իսկ Hubble-ինը՝ 1990-ի մայիսից։


 
 
 
 
  • Արխիվ