Mars Express-ը Մարսի հյուսիսային բևեռի մոտ գտնվող ավազաթմբերի ու սառցե ժայռերի տպավորիչ լուսանկարներ է արել

7 մարտի, 2024  22:06

Mars Express սարքը, որը կարմիր մոլորակի շուրջը պտտվում է ավելի քան երկու տասնամյակ, ֆիքսել է Մարսի հյուսիսային բևեռային շրջանի տպավորիչ տեսարանները։

Մարսի հյուսիսային բևեռային շրջանը գրավիչ և անսովոր վայր է նույնիսկ այս անսովոր մոլորակի չափանիշներով։ Այս տարածաշրջանում Մարսի մակերեսը ծածկող փոշին խառնվում է ջրային սառույցին։ Փոշու և սառույցի՝ միմյանց վրա դասավորված շերտերը ձգվում են կիլոմետրերով՝ ընդգրկելով Ֆրանսիայի չափ տարածք:

Մարսյան տարվա մեծ մասը այս շրջանը թաղված է սառեցված ածխածնի երկօքսիդի շերտի տակ: Սակայն երբ մարսյան ամառ է գալիս, չոր սառույցը դուրս է գալիս մոլորակի մթնոլորտ: Եվ հենց ամառվա կեսերին է Mars Express-ը լուսանկարել մոլորակի հյուսիսային բևեռային լանդշաֆտի մի փոքրիկ հատված:

Mars Express  2 (1).jpg (187 KB)
Mars Express  2 (2).jpg (23 KB)

Լուսանկարներում երևում է սահմանը երկու տարբեր շրջանների՝ Օլիմպիա Պլանումի (Olympia Planum) և Պլանում Բորեումի (Planum Boreum) միջև։ Օլիմպիա Պլանումը լայն ավազաթմբերի հսկայական տարածություն է: Սահմանի մյուս կողմում գտնվում է Պլանում Բորեումը, որն ընդգրկում է Մարսի հյուսիսային բևեռը, որը կադրից դուրս է մնացել՝ լուսանկարի աջ հատվածում: Պլանում Բորեումի մակերեսը հարթ է, ինչը վկայում է, որ այն երիտասարդ է, չկա  կործանարար էրոզիա և երկնաքարի ազդեցություն: Հավանական է, որ Պլանում Բորեումը թարմացվում է ամեն տարի, երբ առաջանում է ձմեռային սառույցը, իսկ այնուհետև՝ վերանում։

Սահմանների միջև ձգվում են կիսալուսնաձեւ ժայռեր, որոնցից ամենամեծը մոտ 20 կիլոմետր լայնություն ունի։ Այս ժայռերը կազմում են պարուրաձև իջվածքներ, որոնք անցնում են Մարսի ամբողջ հյուսիսային բևեռով։ Դրանց առաջացումը կապված է մոլորակի մակերեսի վրա քամիների գործողության հետ։

Mars Express-ը Մարսի շուրջը պտտվել է ավելի քան երկու տասնամյակ՝ 2003-ի դեկտեմբերի 25-ից: Այն ոչ միայն արել է Մարսի մակերևույթի բազմաթիվ բարձրորակ պատկերներ, այլև օգնել է ուսումնասիրել Մարսի մթնոլորտը և մակերեսը: 


 
 
 
 
  • Արխիվ