HyperOS ՕՀ-ի թարմացումից հետո Xiaomi հեռախոսների մասշտաբային խափանում է տեղի ունեցել

1 մարտի, 2024  10:08

Xiaomi սմարթֆոնների, այդ թվում՝ Poco և Redmi ապրանքանիշերի բազմաթիվ օգտատերեր հայտնել են, որ HyperOS օպերացիոն համակարգը (ՕՀ) թարմացնելուց հետո իրենց հեռախոսները խափանվել են: Այս մասին հարյուրավոր մարդիկ մեկնաբանություններ են թողնում Xiaomi-ի պաշտոնական խմբերում՝ VKontakte և Telegram սոցիալական ցանցերում։

Օգտատերերի խոսքով՝ ՕՀ-ը թարմացնելուց հետո հեռախոսն անցել է վերականգնման ռեժիմին (Recovery Mode): Xiaomi ապրանքանիշի խանութների ցանցի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խնդիրը կարելի է կանխել՝ անջատելով «Ավտոմատ թարմացում» գործառույթը։ Xiaomi-ի ներկայացուցիչները VKontakte-ի խմբում քննարկումների ժամանակ հայտնել են, որ իրենք արդեն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ:

Ընկերությունից ասել են, որ խնդիրը հնարավոր է կարգավորել նաև սմարթֆոնը գործարանային վիճակի բերելու միջոցով (Reset), սակայն այդ դեպքում նրանք կկորցնեն հեռախոսներում առկա բոլոր տվյալները։

«Գլոբալ մասշտաբային խափանում է տեղի ունեցել, կա երկու լուծում՝ կա՛մ սարքը բերել գործարանային վիճակի, կա՛մ տեղափոխել սպասարկման կենտրոն»,- պարզաբանել են ընկերությունից։

HyperOS-ը Android-ի վրա հիմնված ՕՀ է, որը ներկայացվել է Xiaomi-ի կողմից 2023-ի հոկտեմբերի 26-ին: Ընկերության որոշ սարքեր դեռ աշխատում են նախորդ ՕՀ-ով՝ MIUI-ով: Մի քանի մոդելներ արդեն աշխատում են նոր ՕՀ-ով, այդ թվում՝ Xiaomi 14, Xiaomi 14 Ultra, Xiaomi Pad 6S Pro և այլն: 


 
 
 
 
  • Արխիվ