Լուսնի վրա վայրէջք կատարած Odysseus սարքը կոտրել է ոտքերից մեկը և կողաշրջվել

29 փետրվարի, 2024  18:49

NASA-ն և Intuitive Machines մասնավոր ընկերությունը հայտնել են, որ Odysseus (IM-1 Nova-C)  մոդուլը Լուսնի վրա վայրէջք կատարելու ժամանակ՝ վայրէջքի վայրի վրայով սավառնելիս, կոտրել է իր վեց ոտքերից մեկը, ինչի հետևանքով մոդուլն կողաշրջվել է։

Intuitive Machines-ը կարողացել է Odysseus-ի հիշողությունից ստանալ վայրէջքի պրոցեսի լուսանկարը, որտեղ վայրէջքի ոտքերից մեկը կատարում էր իր հիմնական խնդիրը և կլանում էներգիան Լուսնի մակերեսի հետ առաջին շփումից՝ առաքելության ամբողջականությունը պահպանելու համար:

Ընդորում, այդ ընթացքում վայրէջքի շարժիչը դեռ աշխատելիս է եղել, ինչն օգնել է զերծ մնալ լուրջ վնասվածքներից։ Odysseus-ը, շարժիչային համակարգը կանգնեցնելուց հետո, գրեթե կարողացել է շտկել դիրքը՝ իր հենարանների վրա, սակայն հետո թեքվել է դեպի Լուսնի մակերեսը՝ պահպանելով տվյալների և հեռաչափության փոխանցման հնարավորությունը։

Ըստ Intuitive Machines-ի մասնագետների՝ Odysseus մոդուլն ընկած է կողքի վրա, ունի գործող սնուցման համակարգ, փոխանցում է հեռաչափությունը և տվյալներ գիտական ​​գործիքներից։ Թռիչքի կարգավորողները կշարունակեն կապը պահպանել ևս մի քանի օր, մինչ արևի լույսը կհասնի սարքի մարտկոցի լիցքավորման վահանակներին:

Հիշեցնենք, որ Odysseus SpaceX Falcon 9 հրթիռով տիեզերք է դուրս բերվել փետրվարի 15-ին,  իսկ արդեն փետրվարի 21-ին սարքը մտել է Լուսնի ուղեծիր։ Իր վերջնական վայրէջքի ժամանակ այն օգտագործել է մի շարք տեսախցիկներ և լազերներ՝ տեղանքով նավարկելու և լուսնային մակերեսին իր մոտեցումը հետևելու համար:

IM-1 առաքելության շրջանակում Odysseus-ը Լուսին է տարել NASA-ի վեց օգտակար բեռ, որոնք ուղղված են տարբեր տեխնոլոգիաների ցուցադրմանը և ներառում են՝ նավիգացիոն լազեր, նավիգացիոն փարոս, վառելիքի մակարդակի ռադիոհաճախականության սենսոր և տեսախցիկ՝ ուսումնասիրելու ռեգոլիթը՝ լուսնային փոշին, որն օդ կբարձրանա Odysseus-ի շարժիչի աշխատանքի հետևանքով: Այլ օգտակար բեռների թվում են նաև լազերային ռետրորֆլեկտորը և ռադիո աստղագիտության գործիքը, ինչպես նաև նկարիչ Ջեֆ Կունսի ստեղծագործությունը, որը կոչվում է «Լուսնի փուլերը»:


 
 
 
 
  • Արխիվ