Միջազգային տիեզերակայանում օդի արտահոսք է տեղի ունեցել. որքանո՞վ է դա վտանգավոր

29 փետրվարի, 2024  10:17

Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) ռուսական հատվածում օդի արտահոսք է հայտնաբերվել։ «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ անձնակազմը պարբերաբար աշխատանքներ է իրականացնում՝ հայտնաբերելու և վերացնելու հնարավոր արտահոսքերը: Արտահոսքի պատճառով անձնակազմի կյանքին վտանգ չի սպառնում։

«Մասնագետները ֆիքսում են ՄՏԿ-ում օդի արտահոսքը: Անձնակազմը պարբերաբար աշխատանքներ է տանում հնարավոր արտահոսքերը հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ, իսկ կայանից ստացված տվյալները վերլուծության համար փոխանցվում են մասնագետներին, ինչպես միշտ։ Անձնակազմի և կայանի համար վտանգ չկա»,- լրատվամիջոցներին պարզաբանել են «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ արտահոսքը հայտնաբերվել է ռուսական «Звезда» սպասարկման մոդուլի հետնամասում, որտեղ ՄՏԿ-ին միանում են «Прогресс» բեռնատար տիեզերանավերը։

«Ռոսկոսմոս» տիեզերագնացների կորպուսի հրամանատար Օլեգ Կոնոնենկոն իր հերթին ասել է, որ արտահոսքը անձնակազմի կյանքին չի սպառնում։ «Իսկապես, օդի արտահոսք կա «Звезда» սպասարկման մոդուլի անցումային խցիկում: Արտահոսքը վտանգ չի ներկայացնում անձնակազմի համար։ Թռիչքը շարունակվում է բնականոն հունով։ Ի հավելումն գիտական ​​փորձարկումների ինձ վրա ավելացել է արտահոսքի վայրը գտնելու և տեղայնացնելու աշխատանքը: Որոնողական իրավիճակը բարդանում է տիեզերանավի մեջ տեղադրված բազմաթիվ սարքավորումների և ճեղքերի փոքր չափերի պատճառով»,- ասել է նա։

«Ռոսկոսմոս»-ը նշել է, որ ՄՏԿ-ն արդեն հնացել է և այդ պատճառով վերանորոգման աշխատանքներն անձնակազմից շատ ժամանակ են պահանջում: RSC Energia-ի գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Սոլովյովն ասել է, որ տիեզերագնացների օգտակար ժամանակի մինչև 50%-ը ծախսվում է վերանորոգման աշխատանքների վրա։

Ավելի վաղ Նախկինում ԱՄՆ Օդագնացության և տիեզերագնացության ազգային վարչությունում (NASA) ՄՏԿ-ի ծրագրի ղեկավար Ջոել Մոնտալբանոն ասել էր, որ ռուսական հատվածում օդի արտահոսքերը կրկնապատկվել են վերջերս «Прогресс МС-26» բեռնատար տիեզերանավի մեկնարկից և կայանին միանալուց մոտ մեկ շաբաթ առաջ:

ՄՏԿ-ի ռուսական հատվածի «Звезда» սպասարկման մոդուլը կայանի մաս է կազմում 2000-ի հուլիսից։ Նախկինում արտահոսք էր հայտնաբերվել դրա անցումային խցիկում և միջանկյալ խցիկում, սակայն դրանց գտնվելու վայրը ճշգրիտ որոշված ​​չէր:

звезда .jpeg (125 KB)


 
 
 
 
  • Արխիվ