Հայկական ստարտափը ԱԲ-ով կայքեր ստեղծելու հնարավորություն է ստեղծում WordPress-ում․ Techcrunch-ի անդրադարձը՝ 10web-ին

23 փետրվարի, 2024  16:04

Հեղինակավոր Techcrunch պարբերականն անդրադարձել է հայկական 10web ստարտափին, որն հնարավորություն է տալիս WordPress-ի միջոցով կայքեր պատրաստել։ WordPress-ը բաց աղբյուրով գործիք է և այդ իսկ պատճառով այն օգտագործելը մի փոքր բարդ է, քանզի այն պահանջում է վեբ դիզայնի և հոսթինիգի որոշակի գիտելիքներ։ Հենց այս խնդիրն էլ նպատակ ունի լուծել 10web-ի երևանյան գրասենյակը, որը փորձում է գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) գործիքների ինտեգրման միջոցով, ինչպիսիք են Llama 2-ը, GPT-4-ը, Stable Diffusion-ը, հեշտացնել այս հարթակի օգտագործումը և վստահ է, որ առավելություն ունի այս հարցում։

10web-ն ընտրել է WordPress-ը, քանի որ հենց այս հարթակի վրա է կառուցված աշխարհում գոյություն ունեցող կայքերի մոտ 40%-ը՝ շնորհիվ իր լայն հնարավորությունների։ Սակայն նման գործիքի զարգացման համար մեծ ջանքեր են պահանջվում, քանի որ ճարտարապետական առումով WordPress-ի համար հարթակ կառուցելը հեշտ չէ,- պարբերականի հետ զրույցում ասել է 10web-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը, ով նաև ղեկավարում է Krisp ստարտափը, որը մեքենայական ուսուցման միջոցով կենդանի ժամանակում վերացնում է ֆոնային աղմուկը:

«Դրա համար պետք է ունենալ շատ լավ հոսթինգ ենթակառուցվածք: Պետք է ունենալ կառավարվող ծառայություն՝ աջակցելու WordPress-ի անվտանգությունը, պահուստային կրկնօրինակումն ու չընդհատվող աշխատանքը։ Այդ բոլոր բաները շատ, շատ դժվար են, քանի որ կայքերից յուրաքանչյուրը հիմնականում առանձին օրինակ է,- ասել է նա,- Ի հակադրություն դրան, եթե կառուցում եք փակ կոդով լուծում, օրինակ՝ Wix-ով կամ Squarespace-ով, պարզապես կառուցում եք մեկ back-end, այնուհետև յուրաքանչյուր կայքի համար պարզապես ստեղծում եք որոշ էջեր»:

Արտավազդ Մինասյանը վստահություն է հայտնել, որ WordPress-ի գործածելիության լուծման վրա կենտրոնանալն ի վերջո կտա իր արդյունքը՝ իր բաց կոդով համայնքի մեծության շնորհիվ․ այս ծառայությունից երկու միլիոն ծրագրավորող է օգտվում: 2017-ին հիմնադրված 10web-ը ներկայումս ունի առնվազն 20,000-ը հաճախորդ, որոնք վճարում են ծառայության համար, իսկ 10web-ի միջոցով ընդհանուր առմամբ 1,5 միլիոն կայք է ստեղծվել։

10web-ն իր մոնետիզացիան երկու եղանակով է կատարում՝ վճարի գանձում յուրաքանչյուր կայքի համար կամ ըստ կայքի այցելուների քանակի։ Այն պլանավորում է ավելացնել վճարային համակարգ, որը թույլ կտա օգտատերերին գումար գանձել իրենց հաճախորդներից, 10web-ն իր հերթին կգանձի դրա մի մասը՝ որպես միջնորդավճար:

Արտավազդ Մինասյանն ասել է, որ ընկերությունն այս պահին տարեկան 5 միլիոն դոլարի եկամուտ է գեներացնում և ակնկալվում է, որ հաջորդ տարվա վերջում այն կհասնի $25 միլիոնի։ Ընկերության աճը Մինասյանը մասամբ պայմանավորում է Հայաստանում իր բարենպաստ աշխարհագրությամբ․ ինչպես Խորհրդային Միության մյուս նախկին անդամները, Հայաստանը ևս առատ և մատչելի ինժեներական տաղանդ ունի:

«Մենք ունենք արհեստական բանականության ոլորտի տաղանդ, որը Հայաստանում, հավանաբար, չորս անգամ ավելի էժան է, քան ԱՄՆ-ում, և այստեղ մենք կարող ենք հասանելիություն ունենալ արհեստական բանականության հնարավոր լավագույն տաղանդներին,- ասել է նա,- Բայց եթե դուք Կալիֆոռնիայում հիմնված վեբ ստեղծող եք, դուք պետք է մրցեք Google-ի, Amazon-ի և OpenAI-ի հետ, այնպես որ հեշտ չէ ստանալ լավագույն տաղանդներին»:

Պարբերականը նաև նշում է, որ հաշվի առնելով Հայաստանի համեմատաբար փոքր տնտեսությունը, երկրի ձեռներեցները պատմականորեն ձգտել են կապիտալ ձեռք բերել արտերկրում, հատկապես ԱՄՆ-ում։ Նրանք կիրառել են տեղի համեմատաբար էժան աշխատուժը, իսկ մարքեթինգի և բիզնեսի զարգացման գծով ղեկավարներ վարձել ԱՄՆ-ում, ռազմավարություն, որը կիրառում է նաև 10web-ը։

«Հայկական ստարտափների 99%-ի թիրախն ԱՄՆ շուկան է,- ասել է Արտավազդ Մինասյանը,- Եթե ցանկանում եք հայթայթել 1 միլիոն դոլարից պակաս, կարող եք հայթայթել հայկական վենչուրային կապիտալի ընկերություններից, բայց եթե ցանկանում եք հայթայթել մի քանի միլիոն նախնական փուլի ֆինանսավորում կամ տասնյակ միլիոններ Ա սերիայի համար, ապա պետք է մեկնեք ԱՄՆ»:


 
 
 
 
  • Արխիվ