Հայտնաբերվել է ամենապայծառ քվազարը, որի կենտրոնում գտնվող սև խոռոչն ամեն օր մեկ Արեգակի զանգվածի չափ նյութ է «խժռում»

20 փետրվարի, 2024  22:31

Գիտնականները հայտնաբերել նոր քվազար (հեռավոր ակտիվ գալակտիկայի պայծառ միջուկ, որն օժտված է հզոր էներգիայով) և իսկական ռեկորդակիր է․ այն ոչ միայն երբևէ հայտնաբերված ամենապայծառ քվազարն է, այլև ամենապայծառ աստղագիտական օբյեկտը, որ գիտնականները երբևէ տեսել են: Այն նաև սնուցվում է «ամենաքաղցած» և ամենաարագ աճող սև խոռոչից, որն օրական սպառում է մեկ Արեգակի զանգվածին համարժեք զանգված:

J0529-4351 անունն ստացած քվազարը գտնվում է Երկրից այնքան հեռու, որ նրա լույսը մեզ հասնելու համար պահանջվել է 12 միլիարդ տարի։ Դա նշանակում է, որ այն երևում է այնպիսի տեսքով, ինչպիսին եղել է, երբ 13,8 միլիարդ տարեկան տիեզերքը դեռ 2 միլիարդ տարեկանից մի քիչ փոքր էր:

Գերզանգվածային սև խոռոչը, որը գտնվում է քվազարի կենտրում, ըստ գնահատականների՝ Արեգակի զանգվածի 17 միլիարդից մինչև 19 միլիարդ անգամ շատ զանգված ունի։ Ամեն տարի այն կլանում է այնքան գազն ու փոշի, որը համարժեք է  370 Արեգակի զանգվածին։ Սա J0529-4351-ն այնքան լուսավոր է դարձնում, որ եթե այն դրվեր Արեգակի կողքին, այն 500 տրիլիոն անգամ ավելի պայծառ կլիներ դրանից։

«Մենք հայտնաբերել ենք մինչ օրս հայտնի ամենաարագ աճող սև խոռոչը: Այն ունի 17 միլիարդ արևի զանգված և օրական ուտում է մեկ արևից մի փոքր ավելի,- ասել է թիմի ղեկավար և Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետ Քրիստիան Վոլֆը,- Դա նրան դարձնում է տիեզերքի առայսօր հայտնի ամենալուսավոր օբյեկտը»:

J0529-4351-ը նկատվել է ավելի քան չորս տասնամյակ առաջ ստացված տվյալներում, սակայն այնքան պայծառ է եղել, որ աստղագետներին չի հաջողվել ճանաչել այն որպես քվազար:

Ինչպե՞ս է քվազարը շփոթեցրել աստղագետներին 44 տարի շարունակ

Քվազարները գալակտիկաների սրտում գտնվող շրջաններ են, որոնք հյուրընկալում են գերզանգվածային սև խոռոչներ՝ շրջապատված գազով և փոշով, որոնցով սնվում են այս դատարկ տարածությունները: Ակտիվ սև խոռոչների շուրջը գտնվող նյութի սկավառակների (ակրեցիոն՝ կուտակման սկավառակներ, որոնք առաջանում են օբյեկտների ձգողականության վիթխարի ուժի արդյունքում) համար այսպիսի խիստ պայմանները տաքացնում են գազն ու փոշին, ինչի արդյունքում այն սկսում է պայծառ փայլել:

space.png (26 KB)

Բացի դրանից՝ այս սկավառակների ցանկացած նյութ, որը չի կուտակվում սև խոռոչում, ուղղվում է տիեզերական այս տիտանների բևեռներ, որտեղ այն պայթում է որպես մասնիկների շիթ, որն ընթանում է լույսի արագությանը մոտ արագությամբ՝ առաջացնելով նաև հզոր լույս: Արդյունքում, Ակտիվ գալակտիկական միջուկների այս շրջաններում գտնվող քվազարները կարող են ավելի պայծառ փայլել, քան իրենց շրջապատող գալակտիկաների միլիարդավոր աստղերի լույսը:

Սակայն նույնիսկ այս բացառիկ վառ իրադարձությունների պարագայում J0529-4351-ն առանձնանում է։ J0529-4351-ի լույսն ստացվում է զանգվածային կուտակման սկավառակից, որը սնուցում է գերզանգվածային սև խոռոչը։ Դրա տրամագիծը, թիմի գնահատմամբ, մոտ 7 լուսատարի է: Դա նշանակում է, որ այս կուտակային սկավառակը հատելը հավասարազոր կլինի Երկրի և Արեգակի միջև տարածքը մոտ 45000 անգամ անցնելուն։

Ե՞րբ և ինչպե՞ս են հասկացել, որ դա քվազար է

J0529-4351-ն ի սկզբանե նկատվել է Schmidt աստղադիտակով երկնքի հարավային հատվածի ուսումնասիրության ժամանակ, որն անցկացվել է 1980 թվականին, սակայն տասնամյակներ են պահանջվել հաստատելու համար, որ դա քվազար է: Աստղագիտական ծավալուն հետազոտություններն այնքան շատ տվյալներ են տալիս, որ աստղագետներին անհրաժեշտ են մեքենայական ուսուցման մոդելներ՝ դրանք վերլուծելու և այլ երկնային մարմիններից քվազարները տեսակավորելու համար:

J0529-4351.jpg (163 KB)

Այս մոդելները նաև ուսուցանվում են՝ օգտագործելով ներկայումս հայտնաբերված օբյեկտները, ինչը նշանակում է, որ դրանք կարող են բաց թողնել այնպիսի բացառիկ հատկություններով թեկնածուների, ինչպիսին է J0529-4351-ը: Իրոք, այս քվազարն այնքան պայծառ է, որ այդ մոդելները բաց են թողել այն՝ համարելով, որ դա Երկրին համեմատաբար մոտ գտնվնող աստղ է:

Այս սխալ դասակարգումը նկատվել է 2023-ին, երբ Ավստրալիայի Սայդինգ Սփրինգ աստղադիտարանի 2,3 մետրանոց աստղադիտակի միջոցով օբյեկտի տարածաշրջանն ուսումնասիրելուց հետո աստղագետները հասկացել են, որ J0529-4351-ն իրականում քվազար է։ Նոր բացահայտումը, որ սա իրականում երբևէ հանդիպած ամենապայծառ քվազարն է, արվել է, երբ Հյուսիսային Չիլիի Ատակամա անապատի շրջանում գտնվող Very Large Telescope (VLT) X-shooter սպեկտրոգրաֆի գործիքն սկսել է ուսումնասիրել J0529-4351-ը:

Աստղագետները դեռ չեն ավարտել J0529-4351-ի ուսումնասիրությունը և դեռ մի շարք հետազոտություններ պետք է անցկացնեն։ Թիմի հետազոտությունը հրապարակվել է  Nature Astronomy ամսագրում:


 
 
 
 
  • Արխիվ