Ակադեմիական քաղաքի նախագծի ռիսկերը. պարզաբանում է Կենդանաբանության ինստիտուտի տնօրենը

17 փետրվարի, 2024  13:08

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը համարում է, որ Ակադեմիական քաղաքի գաղափարը շատ լավն է, սակայն մի շարք մտահոգություններ ունի դրա նախագծի վերաբերյալ՝ կապված դրա մասշտաբայնության և անվտանգության ռիսկերի հետ։

NEWS.am Tech-ի հետ զրույցում նա ասաց, որ
հունվարի վերջին Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը ներկայացվել է գիտական ինստիտուտների և բուհերի ներկայացուցիչներին, որոնք ղեկավարներն այս առնչությամբ մի շարք հարցեր ու մտահոգություններ ունեն, որոնք կապված են հատկապես դրա իրականացման հետ այն պայմաններում, որում այժմ գտնվում է Հայաստանը։

Մտահոգություններ

Նախ՝ մտահոգություն է առաջացնում այն, որ Ակադեմիական քաղաքում, բացի տեխնոլոգիական, կրթական և արվեստի կլաստերներից, գործելու է նաև սպայական կլաստեր։ Թեև սա ուսումնական հաստատություն է լինելու, այնուամենայնիվ, Ակադեմիական քաղաքում ռազմական համալսարանի առկայությունը կարող է այն դարձնել «լեգիտիմ թիրախ» թշնամու համար, կարծում է Սարգիս Աղայանը։ Միևնույն ժամանակ, երկրի մտավոր ներուժի մեծ մասը կենտրոնացած է լինելու այնտեղ։

Երկրորդ՝ կենտրոնի տնօրենը Երևանի մերձակայքում Ակադեմիական քաղաքի տեղակայելու վայրի ընտրությունը համարում է ոչ լրիվ արդարացված՝ հաշվի առնելով այն, որ քաղաքն արդեն ահռելի մեծացել է և դարձել խնդիրների կծիկ՝ տրանսպորտային և այլն։

Սարգիս Աղայանը կարծում է, որ շատ ավելի լավ կլիներ Ակադեմիական քաղաքը կառուցել մարզում՝ Վանաձորի, Կապանի կամ Գյումրիի շրջակայքում, որտեղ ևս կարող են գործարկվել երկաթուղի և օդանավակայան: Դա կբերի այս մարզերի զարգացմանը, կարծում է Կենտրոնի տնօրենը։ Նրա խոսքով՝ օրինակ կարող է ծառայել Դիլիջանի UWC միջազգային դպրոցի հաջողված փորձը։

Երրորդ՝ նախագիծը շատ մասշտաբային է, հավակնոտ, և նման նախագծեր, նրա կարծիքով, կարող են իրենց թույլ տալ ներքաղաքական և աշխարհաքաղաքական կայուն իրավիճակ ունեցող երկրները։ Սակայն դա հիմա չի կարելի ասել Հայաստանի մասին։

«Ուղղակի ափսոս կլինի ունենալ ևս մի տարածք կիսաքանդ շենքերով, չիրականացված նախագծով։ Մտավախությունս այն է, որ վատնված ռեսուրս չդառնա։ Նախագծի հեղինակներն ասում են, որ այն իրականացվելու է որոշակի միջազգային պայմանագրերի ու պարտավորությունների հիման վրա՝ Գերմանիայի, Անգլիայի բուհերի հետ համագործակցությամբ։ Եվ դա իրենք երաշխիք են համարում, բայց դա կարող է երաշխիք լինել միայն ներքին քաղաքական փոփոխությունների դեպքում»,- ասաց նա։

Չորրորդ՝ ըստ Սարգիս Աղայանի, Հայաստանում պարզապես չկան նման մակարդակի կառավարիչներ, որոնք կարող են կառավարել այսպիսի մասշտաբային նախագիծը։ Օբյեկտիվորեն չկան, քանի որ նման մեծ նախագիծ երբեք չի իրականացվել։ Գիտնականը կարծում է, որ այս նախագծի իրականացումը պետք է սկսել փոքր քայլերով, մի քանի պիլոտային ծրագրերով։

«Քայլ-քայլ անենք, սկզբից փոքր մասը, որոշ բուհեր տեղափոխենք, կամ որոշ ֆակուլտետներ, որոշ ինստիտուտներ։ Եթե միանգամից անենք, ձախողման ռիսկը մեծ կլինի, որովհետև մենք նման մեծ նախագծերի կառավարիչներ չունենք, նման փորձ չունենք։ Մենք այս մասշտաբի նախագծեր երկրում չենք ունեցել, այստեղ խոսքը մի քանի միլիարդ դոլար արժողությամբ նախագծի մասին է»,- ասաց նա։

Բուհերի և գիտական ինստիտուտների ինտեգրման առաջարկներ

Նշենք, որ մինչև 2024-ի փետրվարի 15-ը գիտական ինստիտուտներն ու խմբերը պետք է «բուհերի խոշորացման և ինստիտուտների հետ միավորվելու վերաբերյալ» իրենց առաջարկները ներկայացնեին ԿԳՄՍՆ։ Հարցին, թե Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնը ներկայացրել է արդյոք իր առաջարկները, տնօրենը նշեց, որ դրանք ներկայացվել են ակադեմիայի նախագահությանը, իսկ նախագահությունը ընդհանրացված փաթեթ է ուղարկել նախարարություն։ Սարգիս Աղայանն առանձնացրեց  մի քանի առանցքային կետեր, որոնք իրենք նշել են իրենց առաջարկություններում ու մեկնաբանություններում։

Նախ՝ Ակադեմիայի դերն անգնահատելի է տարբեր գիտական ինստիտուտների ինքնուրույն զարգացման և անկախության գործում։ Բացի դրանից՝ Ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտները Հայաստանի ամենաապաքաղաքականացված կառույցներն են։ Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ ԳԱԱ-ն ունի իր խնդիրները, բայց նույն բուհերում դրանք շատ ավելի շատ են՝ սկսած կառավարման համակարգից, վերջացրած ներքին կառուցվածքով։

Երկրորդ՝ եթե երկրում կենդանաբանությամբ զբաղվի միայն մեկ կառույց, դա կբերի նրան, որ ներքին մրցակցություն չի լինի, և դա կարող է հանգեցնել ոլորտի լճացման և հետընթացի։ Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում այս ոլորտում, բացի իրենց կենտրոնից, հետազոտություններ են իրականացվում մի քանի բուհում՝ Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան։ Գյուղատնտեսական համալսարանը հետազոտություններ է անցկացնում գյուղատնտեսական կենդանիների մասով։

Այս բոլոր բուհերի ուսանողները պրակտիկա են անցնում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնում, ուստի այստեղ վաղուց հաստատված է համագործակցությունը բուհերի հետ:

«Այսինքն՝ այդ կապը բուհերի հետ, որ ուսանողը մտնի գիտական հիմնարկ, մեր պարագայում հստակ աշխատում է մի քանի բուհերի հետ ու բավականին ինտենսիվ։ Նաև մեր կենտրոնում իրականացվում է բուհերի մասնագետների վերապատրաստում։ Ունենք տարբեր լաբորատորիաներ, որտեղ ժամանակակից մեթոդներով  հետազոտություններ են իրականացվում, և որպեսզի այդ մեթոդները բուհերում էլ պատշաճ մակարդակի իրականացվեն, այնտեղի մասնագետներին ծառայություն ենք մատուցում, ու թրեյնինգներ ենք անում։

Մեր առաջարկն է՝ ոչ թե մեզ կցել որևէ բուհի, այլ ընդհակառակը, միգուցե ավելի խոշորացնել, և դարձնել բոլոր բուհերի պրակտիկ բազա, կամ էլ ասենք, բազային ամբիոններ բացել, որ մեր ուղղությամբ ուսանողներն իրենց պրակտիկ, գործնական աշխատանքներն անեն մեզ մոտ, մեր լաբորատորիաներում, մեր գիտաշխատողների հսկողությամբ։ Սա աշխատող մեխանիզմ է, և մենք առաջարկել ենք օգտվել այդ մեխանիզմից, ու մտածել այդ ուղղությամբ: Ոչ թե կենտրոնը ինտեգրել որևէ բուհի հետ, այլ միգուցե ինտեգրել մի քանի գիտական կենտրոններ և ստեղծել կենսաբանական կլաստեր՝ տարբեր ամբիոններով տարբեր բուհերի համար։ Եթե մենք ուզում ենք բուհը ուժեղացնել, ապա դա կարելի է անել տարբեր ինտեգրացիոն նախագծերով՝ համատեղ լաբորատորիաներ, բազային ամբիոններ ստեղծելով»,- ասաց նա։

Գիտական աստիճանների համար հավելավճար

Օրերս ՀՀ կառավարությունը նոր որոշում ընդունեց գիտական աստիճանների հավելավճարների կարգի մասին։ Եվ պարզվեց, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պատճառով վարչական պաշտոն զբաղեցնող բոլոր գիտնականները՝ գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններն ու նրանց տեղակալները, մնացել են առանց հավելավճարների։ Այն գիտնականները, որոնք աշխատում են ինստիտուտներում ոչ լրիվ դրույքով, նույնպես կորցրել են դրանք։

Սարգիս Աղայանը կարծում է, որ գիտական ՊՈԱԿ-ների տնօրենների և պետական այլ կազմակերպությունների միջև պետք է տարբերություն լինի.

«Ինստիտուտների տնօրենների մեծ մասը բազային գիտական ծրագրի ղեկավարներ են, այսինքն՝ գիտական աշխատանք են անում։ Դա մեկ։ Երկրորդ՝ բոլոր տնօրեններն ի պաշտոնե գիտական խորհրդի նախագահն են։ Դա չի կարող լինել ոչ գիտական պաշտոն։ Մյուս հանգամանքը՝ կենտրոնի տնօրեն դառնալու համար հիմնականում հաշվի են առնվում գիտական ձեռքբերումները։ Ու հակասություն կա, եթե ես միայն ադմինիստրատիվ աշխատանքով եմ զբաղվում, չեմ պահպանում ցուցանիշները, ապա հաջորդ անգամ չեմ կարող ընտրվել տնօրեն։

Փաստացի տնօրեններն ամենաակտիվ գիտնականներն են, ու դա ճիշտ է, որովհետև տնօրեններն իրենց օրինակով են ցույց տալիս, թե ինչպես է պետք աշխատել։ Այդ տեսանկյունից եթե նայենք, ապա օրենքի այդ դրույթը պետք է վերանայել։ Բայց իրավական տեսակետից չեմ կարող ասել, շտկելու ինչ տարբերակներ կան։ Բոլոր դեպքերում ճիշտ կլիներ այդ հանգամանքները հաշվի առնել։ Կամ երկու տնօրեն ունենալ կենտրոններում, մեկը՝ տնտեսական գծով տնօրեն, մյուսը՝ գիտական։ Բայց այդ դեպքում կառավարության քաղաքականությունը օպտիմիզացիայի առումով հօդս է ցնդելու, որովհետև նորից ադմինիստրացիան կուռճացվի։

Հաշվի առնելով, որ դա ակադեմիական ՊՈԱԿ-ներ են, մեր պարագայում կարելի էր այլ կերպ մոտենալ, քանի որ ՊՈԱԿ-ների օրենքից բացի կա նաև «Ակադեմիայի մասին» օրենքը և այլն։ Ճիշտ կլիներ որոշակի սպեցիֆիկ մոտեցում ցույց տալ»,- նշեց գիտնականը։


 
 
 
 
  • Արխիվ