Երկրից կառավարվող ռոբոտն 1-ին անգամ վիրահատություն է արել Միջազգային տիեզերակայանում

15 փետրվարի, 2024  19:44

Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) Երկրից կառավարվող spaceMIRA բժշկական ռոբոտի միջոցով առաջին փորձնական վիրահատությունն է կատարվել, հայտնում է Phys.org կայքը՝ Agence France-Presse (AFP) լրատվական գործակալությանը հղումով։

SpaceMIRA սարքը մշակել է ամերիկյան Virtual Incision տեխնոլոգիական ընկերությունը։ Նեբրասկա նահանգի Լինքոլն քաղաքում գտնվող ընկերության շտաբ-բնակարանից վեց բժիշկ է կառավարել ՄՏԿ-ում գտնվող գործիքը:

Փորձնական վիրահատությունը տևել է մոտ երկու ժամ։ Այն իրականացվել է ոչ թե կենդանի մարդու վրա, այլ օգտագործել է ռետինե նյութ՝ որպես կենսաբանական հյուսվածքի փոխարինում։

Արդյունքները ցույց են տվել, որ spaceMIRA-ի վիրաբույժը կարողացել է հաջողությամբ իրականացնել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են բռնելը, կտրելը և այլն: Հիմնական խոչընդոտը եղել է հրահանգների և բուն գործողության միջև առկա ժամանակային տարբերությունը, որն առաջանում է ազդանշանի ուշացուման պատճառով։ Տարբերությունը կազմել է 0,85 վայրկյան:

NASA-ից ասել են, որ տիեզերական թռիչքների տևողությունը մեծանում է և դրան զգուգահեռ մեծանում է նաև շտապ օգնության կարիքը, ներառյալ վիրաբուժական միջամտությունները՝ վերքերը կարելուց մինչև ավելի բարդ գործողություններ:

Virtual Incision-ը փորձն անվանել է հսկայական հաջողություն: Ընկերությունը նախատեսում  է spaceMIRA-ն օգտագործել ոչ միայն տիեզերքում, այլև Երկրի վրա։ Օրինակ՝ հեռակառավարվող ռոբոտը կարող է փրկել մարդկանց դժվար հասանելի վայրերում:


 
 
 
 
  • Արխիվ