ԱՄՆ-ում Android սմարթֆոնների սեփականատերերն սկսել են ավելի քիչ ուշադրություն դարձնել iPhone-ին

15 փետրվարի, 2024  20:18

2023-ին Android օպերացիոն համակարգով սմարթֆոնից iPhone-ի անցած օգտատերերի թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է։ Այս մասին է վկայում Consumer Intelligence Research Partners (CIRP) վերլուծական ընկերության զեկույցը։

Ըստ վերլուծաբանների տվյալների՝ ԱՄՆ-ում iPhone-ի նոր գնողների 13%-ը նախկինում օգտագործել է Android սմարթֆոն։ Ընդ որում, 2022-ին այս ցուցանիշը 2%-ով բարձր էր եղել և ռեկորդային մակարդակի էր հասել վերջին հինգ տարիների ընթացքում։ Նշվում է, որ վիճակագրությունը չի ներառում այն ​​դեպքերը, երբ գնորդն արդեն ունեցել է մեկ այլ Apple սմարթֆոն։

Համաձայն CIRP զեկույցի՝ 2020 և 2021 թվականներին Android-ից iOS-ի անցած մարդկանց մասնաբաժինը դիտարկվող ժամանակահատվածում ամենացածրն է եղել՝ 11%: Վերլուծաբանները նաև նշում են, որ iPhone-ի գնորդների 85%-ը նախկինում օգտագործել է Apple-ի սարքեր, ինչը ցույց է տալիս ապրանքանիշի նկատմամբ լսարանի հավատարմության մակարդակը։

Անցյալ տարի CIRP-ը պարզել էր, թե ինչու են Android սմարթֆոնների սեփականատերերն անցնում iPhone-ի: Հիմնական պատճառների շարքում նշվել էին նախորդ սարքի հնանալու և փչանալու գործոնները, նոր գործառույթները և այն, որ iPhone-ն ավելի հարմարավետ է։ Բացի դրանից՝ ոմանք ընտրել են iPhone-ը սիրելիների հետ ավելի հեշտ կապվելու համար FaceTime-ի, iMessage-ի և Apple-ի էկոհամակարգի այլ առավելությունների շնորհիվ: Շատերի համար անսպասելի էր նաև, որ iPhone-ը որոշ դեպքերում ավելի էժան է, քան նմանատիպ բնութագրերով առաջատար Android սմարթֆոնները։

Android-ից iPhone-ի անցնող գնորդների մասնաբաժինը՝ տոկոսներով
CIRP.JPG (29 KB)


 
 
 
 
  • Արխիվ