NASA-ն ուլտրամանուշակագույն նոր աստղադիտակ կկառուցի, որը 50-100 անգամ ավելի զգայուն կլինի իր նախորդից

15 փետրվարի, 2024  14:11

NASA-ն պաշտոնապես հավանություն է տվել հաջորդ սերնդի ուլտրամանուշակագույն տիրույթում գործող աստղադիտակի ստեղծմանը, որը պետք է տիեզերք ուղարկվի 2030-ականների վերջին։ Այն կկոչվի Ultraviolet Explorer (UVEX) առաքելություն, որը երկինքը կուսումնասիրի մերձակա և հեռավոր ուլտրամանուշակագույն տիրույթներում և 50-100 անգամ ավելի զգայուն կլինի, քանի իր նախորդը Galaxy Explorer-ը (GALEX), որը գործել է 2003-ից 2013 թվականներին։

Նոր աստղադիտակը կունենա երկու առաջադրանք։ Նախ՝ այն պետք է քարտեզագրի երկինքը ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Երկրորդ՝ աստղադիտակը հնարավորություն կունենա արագ փոխել կողմնորոշումը, որպեսզի ստանա անցումային գործընթացների պատկերները՝ գերնոր աստղերի պայթյուններ, աստղերի միաձուլումներ, սև խոռոչների և նեյտրոնային աստղերի շիթեր և տիեզերական այլ երևույթներ: Սա արժեքավոր հավելում կլինի երկնքի ձգողական ալիքներն ուսումնասիրելու համար, որտեղ ձգողական ալիքի աղբյուրի հայտնաբերումը չափազանց դժվար է:

Երկինքն ուլտրամանուշակագույն լույսի ներքո դիտելիս կարելի է տեսնել նրա ամենաթեժ օբյեկտները: Առաջին հերթին դրանք երիտասարդ և տարեց աստղեր են, երբ միջուկներում գործընթացները գտնվում են ակտիվության կրիտիկական փուլում։ Բացի դրանից՝ ուլտրամանուշակագույն տիրույթի տվյալները թույլ կտան տեսնել ցածր մետաղի պարունակությամբ գալակտիկաներ և մի շարք այլ օբյեկտներ:

UVEX առաքելության պատրաստման նախատեսված արժեքը առանց մեկնարկի ծախսերի կկազմի 300 մլն դոլար, աստղադիտակը նախատեսված կլինի երկու տարվա գիտական ​​աշխատանքի համար։ Առաքելության հիմնական դետալներն արդեն մշակված են, ինչպես նաև նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Մեկ-երկու տարուց պետք է սկսվի ապարատի և դրա գիտական ​​գործիքների արտադրությունը։

Տիեզերքի հիասքանչ լուսանկարները միշտ ստացվում են մի քանի աստղադիտակների աշխատանքի շնորհիվ, որոնցից յուրաքանչյուրը գործում է էլեկտրամագնիսական ճառագայթման իր տիրույթում: James Webb կամ Hubble տիեզերական աստղադիտակների ողջ հզորությունը չի կարողանում փոխանցել տիեզերքի ամբողջ գեղեցկությունը առանց ռենտգենյան ճառագայթների, ռադիոհաճախականության և ուլտրամանուշակագույն տվյալների: UVEX-ը փաստացի նոր շունչ կհաղորդի տիեզերքի ուսումնասիրությանը։


 
 
 
 
  • Արխիվ