Hubble-ը տիեզերական «մարգարտե վզնոց» է ֆիքսել. ինչպե՞ս է այն առաջացել

9 փետրվարի, 2024  22:32

NASA-ի Hubble տիեզերական աստղադիտակը հրապարակել է AM 1054-325 գալակտիկայի լուսանկարը, որն ստացել է «մարգարտե վզնոց» անունը իր յուրահատուկ տեսքի համար, որը ներկայացնում է միլիոնավոր վառ կապույտ աստղերի S-աձև հաջորդականություն: Սա 12 գալակտիկաների զույգերի միաձուլումներից մեկն է, որը ֆիքսել է Hubble-ը: Փոխադարձ ազդեցության գործընթացում տիեզերքում առաջանում են նյութի՝ աներևակայելի երկարության մակընթացային պոչեր, որոնցում միաժամանակ ծնվում են միլիոնավոր աստղեր։

Hubble-ի ուսումնասիրած գալակտիկաների միաձուլումները կարող էին շատ ավելի հաճախ տեղի ունենալ անցյալում: Զույգ գալակտիկաների միաձուլման դիտարկումը հստակ ցույց է տալիս, որ աստղերի ձևավորումը գրեթե միաժամանակ տեղի է ունենում մակընթացային պոչի ողջ երկարությամբ, որը հավաքվում է երկու գալակտիկաների գրավիտացիոն ուժերի կողմից և մոլեկուլային ջրածնից բաղկացած կորաձև պարանի տեսք ստանում:

Եթե ​​բախումը տեղի չունենար, ապա երկու գալակտիկաներն էլ կշարունակեին իրենց ճանապարհը առանց նոր աստղերի և մոլորակների ստեղծման ինտենսիվ գործընթացի: Միաձուլումը հանգեցնում է միջաստղային գազի և փոշու սեղմման և հասնում է այն վիճակին, երբ սկսվում են ջերմամիջուկային ռեակցիաները, ինչի արդյունքում նոր աստղեր են ծնվում: Տասներկու զույգ միաձուլվող գալակտիկաներում Hubble-ը կարողացել է հայտնաբերել 425 կուտակում՝ յուրաքանչյուրում մոտ մեկ միլիոն նորածին աստղ։

hubble AM 1054-325 .JPG (39 KB)

Մակընթացային պոչերում նորածին աստղերի ճակատագիրն անհայտ է: Երիտասարդ աստղերը կարող են հավաքվել կլաստերներում և ուղեկցել իրենց գալակտիկաներին տիեզերքի միջով իրենց ճանապարհորդության ընթացքում, կամ կարող են ցրվել գալակտիկաների լուսապսակների միջով որպես առանձին առարկաներ, ինչպես նաև թողնել դրանք և դառնալ միջգալակտիկական թափառողներ: Ամեն դեպքում, գալակտիկաների բախման դեպքում «տիեզերական վթարը» հանգեցնում է ոչ թե գործընթացի մասնակիցների մահվան, այլ այս տիեզերքի բազմաթիվ նոր լիարժեք բնակիչների ստեղծման, ընդորում՝ ինտենսիվ կերպով։


 
 
 
 
  • Արխիվ