Disney-ը $1,5 մլրդ-ով գնում է Epic Games-ի մի մասը և կստեղծի զվարճանքի և խաղերի նոր տիեզերք

8 փետրվարի, 2024  14:18

Walt Disney ընկերությունը հայտարարել է, որ կգնի Epic Games ընկերության ընդհանուր 1,5 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր, որպեսզի խաղային և զվարճանքի նոր տիեզերք ստեղծի, որը կապված կլինի միջհարթակային Fortnite տեսախաղի հետ։

Հաղորդվում է, որ այս նոր տիեզերքը սպառողներին խաղալու, դիտելու, գնումների և շփման տարբեր եղանակներ կառաջարկի Disney-ի, Pixar-ի, Marvel-ի, Star Wars-ի, Avatar-ի և այլ տիպի բովանդակության, հերոսների և պատմությունների հետ:

Չի նշվում, թե կոնկրետ ինչպես կաշխատի Fortnite-ի հետ ինտեգրումը, սակայն Disney-ը նշել, է, որ խաղացողները կկարողանան «ստեղծել իրենց սեփական պատմություններն ու փորձառությունները», «ցուցադրել իրենց խանդավառությունը Disney-ի ոճով» և կիսվել բովանդակությամբ:

Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը նշել է, որ հայտարարված համագործակցությունը նշանավորում է ընկերության ամենամեծ ներդրումը խաղային արդյունաբերության մեջ և աճի ու ընդլայնման զգալի հնարավորություններ կառաջարկի։

Նշենք, որ սա Disney-ի և Fortnite-ի առաջին համագործակցությունը չէ: Վերջին տարիներին Disney-ի մի շարք կերպարներ են հայտնվել Battle Royale տեսախաղում, իսկ 2020-ին նախագծում ներառվեց նույնիսկ Marvel-ի թեմատիկ մի ամբողջ սեզոն:

Fortnite-ը հիմնված է Unreal Engine 5-ի վրա և հասանելի է անվճար: Battle Royale-ը թողարկվել է PC, PS4, PS5, Xbox One, Xbox Series X, S, Switch և Android համակարգերում: Նոր տիեզերքի մեկնարկի ամսաթիվը հստակեցված չէ, բայց դատելով թիզերից՝ այն իրեն երկար չի սպասեցնի։


 
 
 
 
  • Արխիվ