Հազվագյուտ երեւույթ. Ջեյմս Ուեբը գտել է երկու էկզոմոլորակ, որոնք «ողջ» են մնացել իրենց աստղերի «մահից» հետո

5 փետրվարի, 2024  22:16

Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտարանը ֆիքսել է չափազանց հազվագյուտ երևույթ՝ երկու էկզոմոլորակ, որոնք «փրկվել» են իրենց աստղերի «մահից» հետո: Այժմ այս էկզոմոլորակները պտտվում են երկու տարբեր մեռած աստղերի շուրջ, որոնք նաև կոչվում են «սպիտակ թզուկներ»:

Այս էկզոմոլորակները շատ նման են Արեգակնային համակարգի գազային հսկաներին՝ Յուպիտերին և Սատուրնին, իսկ սպիտակ թզուկները, որոնց շուրջ նրանք պտտվում են, ժամանակին մեր Արեգակի նման աստղեր են եղել: Գիտնականների կարծիքով՝ Արևը նույնպես մի օր կվերածվի սպիտակ թզուկի, ինչի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կկործանվեն Արեգակնային համակարգի բոլոր ներքին մոլորակները՝ մինչև Յուպիտեր։

Էկզոմոլորակները հայտնաբերվել են միջին ինֆրակարմիր MIRI գործիքի միջոցով, երբ աստղադիտակի տեսադաշտում հայտնվել են WD 1202-232 և WD 2105-82 սպիտակ թզուկները: Էկզոմոլորակներից մեկը պտտվում է սպիտակ թզուկի շուրջը Արեգակից Երկրի հեռավորությունից մոտ 11,5 անգամ հեռավորության վրա: Երկրորդը նույնիսկ ավելի հեռու է իր աստղից. նրանց միջև հեռավորությունը 34,5 անգամ ավելի մեծ է, քան մեր մոլորակի և Արեգակի միջև եղած հեռավորությունը:

Երկու էկզոմոլորակների զանգվածները դեռ անհայտ են, դրանք որոշելու համար անհրաժեշտ կլինեն նոր դիտարկումներ, իսկ մինչ այդ դրանք համարվելու են էկզոմոլորակների թեկնածուներ։ Գիտնականները կարծում են, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է 1-ից 7 անգամ ավելի ծանր լինել, քան Յուպիտերը՝ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը:

Նածկինում այս մոլորակների ուղեծրերը, ըստ գիտնականների, շատ ավելի մոտ էին իրենց աստղերին, բայց աստղերի մահը և նրանց վերածվելը կարմիր հսկաների հանգեցրեց նրանց շուրջ պտտվող հսկա էկզոմոլորակների ուղեծրերի փոփոխությանը:

Գիտնականների կարծիքով՝ WD 1202-232 և WD 2105-82 համակարգերը ինչ-որ իմաստով մեզ ցույց են տալիս Արեգակնային համակարգի ապագան. մոտ 5 միլիարդ տարի հետո Արևը կանցնի կարմիր հսկայի փուլը և կազատվի իր արտաքին թաղանթից, համակարգի կենտրոնում թողնելով սառեցնող միջուկ՝ սպիտակ թզուկ:

Այս դիտարկումը գիտնականներին ցույց տվեց ևս մեկ հետաքրքիր փաստ. էկզոմոլորակների այս թեկնածուները ինֆրակարմիր սպեկտրի որոշակի տիրույթում շատ ավելի տաք էին, քան սպասվում էր: Սա կարող է նշանակել, որ նրանք կարող են ունենալ արբանյակներ, որոնք կարող են լրացուցիչ ջերմություն ապահովել: Եթե ​​դա իրոք այդպես է, ապա մենք կարող ենք առաջին անգամ էկզալուսին հայտնաբերելու հնարավորություն ունենալ:

Այս հայտնագործության վերաբերյալ փաստաթուղթը դեռևս չի ենթարկվել գրախոսականի և գտնվում է arXiv-ում:


 
 
 
 
  • Արխիվ