iPhone-ների վաճառքը 2024-ին կարող է զգալիորեն նվազել. ինչպե՞ս և ինչո՞ւ

2 փետրվարի, 2024  18:40

2024-ին iPhone-ի վաճառքը կարող է նվազել 15%-ով՝ Չինաստանում այս սմարթֆոնների պահանջարկի նվազման հետևանքով։ Իր բլոգում նման կանխատեսում է արել TF International Securities-ի հայտնի ինսայդեր և վերլուծաբան Մինգ Չի Կուոն։

Նրա խոսքով՝ 2024-ին Apple-ը iPhone-ի արտադրության համար կպատվիրի 200 միլիոն միավորով պակաս կիսահաղորդիչ բաղադրիչներ, ինչը նշանակում է, որ սմարթֆոնների մատակարարումները նախորդ տարվա համեմատ կնվազեն 10-15%-ով։ Ըստ Կուոյի՝ ընկերության այս որոշումը թելադրված է Չինաստանում iPhone-ի պահանջարկի անկմամբ, ինչպես նաև սմարթֆոնների պրեմիում շուկայի հատվածավորմամբ. Ֆլագման մոդելների շուկայում վերջերս հայտնվել են ծալովի էկրանով սարքեր, որոնք այսպես, թե այնպես գրավում են iPhone-ի պոտենցիալ գնորդների ուշադրությունը։

Ըստ Կուոյի՝ այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ մինչև 2024-ի վերջ բոլոր առաջատար վաճառողների շրջանում Apple-ը կունենա սմարթֆոնների շուկայում իր մասնաբաժնի ամենամեծ անկումը։ Ավելին, ընկերությունը, ըստ երևույթին, վաճառվող սարքերի քանակի առումով կրկին կզիջի առաջատարի իր դերը Samsung-ին։

Կուոն կիսվել է նաև ապագա iPhone 16 շարքի վերաբերյալ ընդհանուր մտքերով։ Նա կարծում է, որ 2024-ին Apple-ի սմարթֆոնները որևէ հատուկ նորարարական բարելավումներ չեն ստանա, և դրանց հիմնական առանձնահատկությունը կլինի արհեստական բանականության ինտեգրումը iOS 18 օպերացիոն համակարգին։


 
 
 
 
  • Արխիվ