Մենք չունենք նավթ, բայց ունենք տաղանդ, որը բավական է հաջողելու համար․ Պաոլո Փիրջանյանը Երևանում ներկայացրեց Moxie ռոբոտը

2 փետրվարի, 2024  13:32

Մենք ունենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք հաջողել։ Պետք է պարզապես համագործակցել, սկսել առաջ շարժվել։ Կարծում եմ, որ ամենակարևոր բնական ռեսուրսը, որ մեզ տրվել է Աստծո կողմից, մեր ուղեղն է, մեր տաղանդը, այս մասին այսօր Երևանում անցկացվող «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին իր ելույթում ասաց Embodied ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը։

«Մենք չունենք նավթ, սակայն ունենք ուղեղ, և սա բավական է, որպեսզի այն օգտագործելով հաջողության հասնենք»,- ասաց նա՝ հավելելով, որ Փիրջանյանը նշեց, որ այս հայեցակարգի վառ օրինակն է Իսրայելը, որտեղ երբեմնի լքված տարածքում այսօր գոյություն ունի բարգավաճող պետություն, որն իր քաղաքացիների մտավոր ունակությունների շնորհիվ այսօր նորարարությունների ոլորտում մրցակցում է Սիլիկոնյան հովտի հետ։

«Սա մի բան է, որ մենք ինքներս կարող ենք անել, քանզի ունենք անհրաժեշտ տաղանդը դա անելու համար։ Պարզապես հարկավոր է համագործակցել, և մենք պատրաստակամ ենք դա անել»,- ասաց նա։

Moxie ռոբոտը

Պաոլո Փիրջանյանը ներկայացրեց Embodied ընկերության ստեղծած Moxie ռոբոտը, որն արհեստական բանականությամբ (ԱԲ) աշխատող հեղափոխական տեխնոլոգիա է երեխաների զարգացման ոլորտում: Այն ստեղծվել է 2016-ին և առաջատար է համարվում այս ոլորտում։ Ռոբոտն ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Լաս Վեգասում այս տարվա հունվարին անցկացված տեխնոլոգիական խոշորագույն համաժողովի՝ CES-ի շրջանակում այն ստացել է ԱԲ ոլորտում նորարարության գլխավոր մրցանակը։

Moxie.JPG (104 KB)

Moxie ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար: Այն սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, ռոբոտը ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները։ Այն նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին:

Պաոլո Փիրջանյանը նշեց, որ շատ ընկերություններ են փորձել ստանալ այսպիսի պրոդուկտ, միլիարդավոր դոլարներ են ներդրվում այս ոլորտում, սակայն ոչ բոլորի մոտ է այն ստացվում, քանզի սա բավական բարդ արտադրանք է․ Moxie-ն փորձում է նմանակել մարդուն, նրա վարքագիծը, արտահայտել էմոցիաներ և այլն։ Օրինակ՝ ճապոնական SoftBank Robotics ընկերությունը Pepper անունով ռոբոտի ստեղծման համար ծախսել է մոտ 1 մլրդ դոլար, սակայն Pepper-ն իր հնարավորություններով էապես զիջում է Moxie-ին։

Այնուհետև Պաոլո Փիրջանյանը համաժողովի մասնակիցներին ցուցադրեց տեսանյութ, որում ցուցադրվում էին Moxie-ի հնարավորությունները։ Նա նշեց, որ տեսանյութում Moxie-ում խոսում է ոչ թե նախապես գրված սցենարով, այլ տեղում տրված հարցերին պատասխանում է հանպատրաստից։ Moxie-ն հերթով պատասխանում էր Փիրջանյանի հարցերին այն մասին, թե ինչու է ռոբոտը գլխով անում, երբ Փիրջանյանը խոսում է, որքան կարևոր են ժեստերը, դեմքի արտահայտությունները, առոգանությունը մարդու հետ հաղորդակցվելիս և այլն։

Մատչելի պրոդուկտ

Պաոլո Փիրջանյանի խոսքով՝ մի բան է պատրաստել այսպիսի ռոբոտ, սակայն բոլորովին այլ բան է պատրաստել այսպիսի ռոբոտ, որը նաև մատչելի կլինի։ Օրինակ՝ նույն ճապոնական SoftBank Robotics ընկերության արտադրած Pepper ռոբոտն արժե մոտ 30.000 դոլար, այն դեպքում, երբ այս ռոբոտն իր հնարավորություններով մի քանի անգամ հետ է Moxie-ից, որն ավելի էժան է, կամ ինչպես Փիրջանյանը նշեց, ավելի էժան է, քան iPhone-ը։ Նշենք, որ Moxie-ի ցկյանս բաժանորդագրությունն արժե 1499 դոլար։

Pepper.JPG (85 KB) 

Այս ամենին, ըստ Փիրջանյանի, կարողացել են հասնել՝ ստեղծելով աշխարհի, թերևս, լավագույն թիմերից մեկը, ինչի համար ինքը շատ հպարտ է։

«Եվ հենց կոնկրետ մեր թիմի շնորհիվ է, որ կարողացել ենք հասնել այս ամենին եղած ֆինանսավորմամբ, ի տարբերություն այլ ընկերությունների, որոնց ֆինանսական ավելի շատ ռեսուրսներ են հասանելի եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ թիմի մեկ երրորդն իրենց հետ է եղել ամենասկզբից՝ ընկերության հիմնադրումից ի վեր, նրանք աշխատում են Երևանից և իրենց մասնակցությունն ունեն Moxie-ի ստեղծման և հետագա կատարելագործման գործում։

Պաոլո Փիրջանյանյի խոսքով՝ պատերազմական գոտիներում, ընտանեկան խնդիրների հետևանքով սթրեսային իրավիճակներում հայտնված երեխաների, նման այլ խնդիրների հետ կապված թերապիայի կարիք ունեցող երեխաների 90 տոկոսից ավելիի համար հասանելի չեն նման ծառայությունները։ Նույնիսկ եթե դրանք հասանելի են, ապա շատ թանկ են։ Բացի այդ, չկան այդքան մասնագետներ, որոնք կկարողանան սպասարկել այդքան մեծ թվով մարդկանց։ Այս առումով, ըստ նրա, Moxie-ին շատ պահանջված պրոդուկտ է, և խոսքն ամենևին էլ արհեստական բանականությամբ մարդուն փոխարինելու մասին չէ, այլ մարդու կողմից նման ծառայությունը մատուցելու անհնարինության դեպքում արհեստական բանականությունն օգտագործելու մասին է։

Պաոլո Փիրջանյանը նաև խոսեց Moxie-ի տեխնիկական բնութագրերի, դրա աշխատանքի մասին՝ նշելով, որ այն շատ ծրագրային ավելի բարդ կառուցվածք ունի, քան ChatGPT-ի նման լեզվական մոդելները, այն բազմաֆունկցիոնալ է, քանի որ ռոբոտը գործ ունի տեքստի, ձայնի, պատկերի հետ, որոնք էապես բարդացնում են դրա աշխատանքը։


 
 
 
 
  • Արխիվ