Լուսնի վրա լույսն արտացոլող տարօրինակ «անոմալիաները» առեղծված են դարձել գիտնականների համար (լուսանկար)

1 փետրվարի, 2024  18:31

Մոլորակագետները տարօրինակ «անոմալիաներ» են հայտնաբերել արևի լույսն անդրադարձնող մասնիկների մեջ, որոնք ծածկում են Լուսնի վրա գտնվող՝ միջինը մոտ մեկ մետր մեծության քարերը: Ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Journal of Geophysical Research - Planets ամսագրում, կարող է օգնել գիտնականներին ավելի լավ հասկանալու գործընթացները, որոնք ձևավորել և փոփոխել են Լուսնի ընդերքը և ստեղծել մագնիսական անբացատրելի անոմալիաներ: Սակայն առայժմ, համենայն դեպս, տարօրինակ ժայռերն ու փոշու մասնիկները մնում են չբացահայտված առեղծված:

Հետազոտողները պատահաբար են նկատել Լուսնի վրա այս գոյացությունները՝ ուսումնասիրեով NASA-ի Lunar Reconnaissance Orbiter տիեզերանավի արած լուսանկարների կատալոգը: Արհեստական ​բանականության օգնությամբ նրանք ավելի քան մեկ միլիոն լուսանկարից իրենց հետաքրքրող քարերի թիվը կրճատել են մոտ 130,000-ի:

«Մենք շարունակում ենք անհայտ օբյեկտներ գտնել այս եղանակով, ինչպես օրինակ անոմալ քարերը, որոնք ուսումնասիրում ենք այս նոր հետազոտության մեջ»,- ասել է Բեռնի համալսարանի գիտաշխատող, հետազոտության համահեղինակ Վալենտին Բիկելը։

moon stones.JPG (46 KB)

Նրանք նկատել են, որ Ռայներ K խառնարանի շուրջ գտնվող ժայռերից մի քանիսը նկատելի մութ կետեր ունեն: «Սովորաբար, լուսնային փոշին շատ ծակոտկեններ ունի և շատ լույս է արտացոլում այն ​​ուղղությամբ, որտեղից գալիս է լույսը,- բացատրել է Դորտմունդի տեխնիկական համալսարանից լուսանկարների վերլուծության մասնագետ Մարսել Հեսը,- Սակայն, երբ փոշին դառնում է ավելի խիտ, դրա պայծառությունը սովորաբար մեծանում է: Սա չի կարելի ասել մեր դիտարկած փոշով ծածկված քարերի մասին»։

Թիմը քարերի լույսի արտացոլման տարօրինակ հատկությունները նկարագրել է՝ օգտագործելով ֆոտոմետրիկ վերլուծության տեխնիկան, որը չափում է, թե ինչպես է լույսը անդրադարձվում առարկաներից: Հետազոտողները կասկածում են, որ փոշով ծածկված քարերը ցրվել են հարվածից, որի հետևանքով առաջացել է խառնարանը: Այնուամենայնիվ, Ռայներ K խառնարանի շրջակայքում գտնվող ոչ բոլոր քարերն են ծածկված անհայտ փոշով:

Ի՞նչ փոշի է սա և ինչու է այն նստել միայն որոշ քարերի վրա, իսկ մյուսների վրա՝ ոչ, դեռ առեղծված է մնում։ Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դա կարող է պայմանավորված լինել լուսնային լանդշաֆտի ֆիզիկական առանձնահատկություններով, ժայռերի մանրադիտակային կառուցվածքով, փոշու ստատիկ հատկություններով կամ Լուսնի մագնիսական դաշտով: Ռայներ Գամմա շրջանը, որտեղ գտնվում են խառնարանները, հայտնի է իր բարձր մագնիսականությամբ։

Հետազոտողները հուսով են, որ NASA-ի առաջիկա առաքելությունը դեպի Լուսին՝ Lunar Vertex, որը կհավաքի նմուշներ տարածաշրջանից, լույս կսփռի այս առեղծվածի վրա: Առաքելությունը նաև կկազմի Ռայներ Գամմայի մագնիսական դաշտի քարտեզ, որպեսզի պարզի, թե ինչպես են Լուսնի որոշ մասեր ձեռք բերել իրենց բնորոշ անկանոնությունները: Սա կօգնի մոլորակագետներին հասկանալ ոչ միայն, թե ինչպես է առաջացել Լուսինը, այլ նաև մեր Արեգակնային համակարգի այլ աստղագիտական ​​օբյեկտներ՝ բարակ կամ առանց մթնոլորտի:

 

 


 
 
 
 
  • Արխիվ