Միջազգային տիեզարակայանին կփոխարինի նոր՝ Starlab կայանը, որը տիեզերք կտանի SpaceX-ի Starship հրթիռը

1 փետրվարի, 2024  15:18

Starship հրթիռը այս տասնամյակի վերջին ուղեծիր դուրս կբերի մասնավոր սեփականություն հանդիսացող Starlab տիեզերական կայանը, որը կփոխարինի Միջազգային տիեզերակայանին (ՄՏԿ): Համապատասխան պայմանագիրը ստորագրել են հրթիռի համար պատասխանատու SpaceX ընկերությունը և Voyager Space և Airbus ընկերությունների համատեղ ձեռնարկությունը՝ Starlab Space-ը, որն էլ կառուցում է կայանը։

Starlab Space-ը փաստացի դարձավ առաջին կոմերցիոն հաճախորդներից մեկը, որը պատվիրեց Starship-ի մեկնարկը SpaceX-ով: Ընկերությունները չեն հայտնել պայմանագրի արժեքը։ Մասնավոր տիեզերակայանը նախատեսվում է արձակել մեկ առաքելությամբ՝ օգտագործելով հսկա SpaceX հրթիռը։

Starlab-ը մի քանի ուղեծրային կայաններից մեկն է, որը ներկայումս մշակվում է ամերիկյան մասնավոր ընկերությունների կողմից: NASA-ն որոշել է 2030-ին ՄՏԿ- նախագծի ավարտից հետո ոչ թե ինքնուրույն կառուցել նոր ուղեծրային կայան, այլ դա վստահել մասնավոր ընկերություններին և օգտագործել նրանց կայանները կոմերցիոն հիմունքներով:

Voyager-ը և Airbus-ը պլանավորում են Starlab-ը գործարկել արդեն 2028-ին: Տիեզերական կայանի մշակման և կառուցման չորս տարվա ժամկետը նաև SpaceX-ին է ժամանակ տալիս Starship-ի ցուցադրական թռիչքներից անցնելու հաճախորդների պատվերով տիեզերանավերի արձակմանը: Մինչ այժմ Starship-ի երկու արձակումն էլ ավարտվել են հսկա տիեզերանավի պայթյունով, սակայն երկրորդ արձակումը շատ ավելի հաջող էր, քան առաջինը։ Սա հույս է ներշնչում, որ երրորդ մեկնարկը, որին ընկերությունն արդեն պատրաստվում է ամբողջությամբ, ավելի լավ կանցնի։

Starlab կայանի մոդուլները կունենան մոտ 8 մետր տրամագիծ, ինչը մոտ կրկնակի գերազանցում է ՄՏԿ-ի մոդուլների տրամագիծը: Սա իր հերթին սահմանափակում է հրթիռների ընտրությունը, որոնք կարող են օգտագործվել կայանը մեկ առաքելության շրջանակում տիեզերք տանելու համար:

Voyager-ի նախագահ և գործադիր տնօրեն Դիլան Թեյլորն ասել է, որ Starlab-ի ամբողջ կայանի գործարկումը Starship-ի վրա մեկ առաքելությամբ «մեր ծրագրի ռիսկերը նվազեցնելու ճիշտ ճանապարհն է»: «Այդ դեպքում ստիպված չենք լինի ուղեծրում զբաղվել ռիսկային հավաքմամբ մի քանի արձակումներով»,- Թեյլորն ասել է CNBC-ին:

Voyager-ը և Airbus-ն աշխատում են NASA-ի հետ նախագծի վրա, քանի որ Starlab-ը նախկինում ֆինանսավորում էր ստացել գործակալության Commercial Destinations in Low Earth Orbit ծրագրի միջոցով: Մշակողները ստեղծում են կայանը՝ ուշադրություն դարձնելով տիեզերքում միկրոձգողականության պայմաններում ուսումնասիրության համար շուկայի միտումներին: Starlab-ը նախատեսված է չորս հոգուց բաղկացած մշտական ​​անձնակազմի և ուղեծրում մինչև 30 տարի աշխատելու համար:


 
 
 
 
  • Արխիվ