SpaceX-ն առաջին անգամ արձակել է Cygnus բեռնատար տիեզերանավը. ի՞նչ է այն տեղափոխում

31 հունվարի, 2024  12:11

SpaceX ընկերությունը տիեզերք է դուրս բերել Northrop Grumman ընկերության Cygnus բեռնատար տիեզերանավը, որը Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) կհասցնի ավելի քան 3,7 տոննա օգտակար բեռ: Cygnus NG-20 առաքելությունն այս տիեզերանավի առաջին արձակումն էր SpaceX Falcon 9 հրթիռով: Այն արձակվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի արձակման վայրից հունվարի 30-ին տեղական ժամանակով 12:07-ին (Երևանի ժամանակով 21:07-ին):

Թռիչքից ութ րոպե 20 վայրկյան անց Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը վերադարձել է Երկիր՝ հանգիստ վայրէջք կատարելով Կանավերալ հրվանդանում: Cygnus-ը բաժանվել է Falcon 9-ի վերին աստիճանից մերձրերկրյա ուղեծրում թռիչքից մոտ 14 րոպե 45 վայրկյան հետո: Այնուհետև բեռնատար տիեզերանավն սկսել է իր ճանապարհորդությունը դեպի ՄՏԿ: Եթե ​​ամեն ինչ ընթանա ըստ պլանի, Cygnus-ը ՄՏԿ կժամանի փետրվարի 1-ին՝ Երևանի 13:20-ին: Այնուհետև Cygnus-ը մոտ վեց ամիս կանցկացնի ՄՏԿ-ում, ապա կվերադառնա և այրվի Երկրի մթնոլորտում:

Սա Cygnus-ի 20-րդ թռիչքն է: SpaceX-ը ներգրավված չի եղել նախորդ 19-ում, որոնք բոլորն իրականացվել են Antares կամ Atlas V հրթիռներով: Northrop Grumman այս տիեզերանավն անվանել է Cygnus ի պատիվ NASA-ի տիեզերագնաց Պատրիսիա Ռոբերտսոնի, որը NASA-ի տիեզերագնացների կորպուս էր ընդունվել 1998-ին, իսկ 2002-ին պետք է թռչեր դեպի ՄՏԿ, սակայն 2001-ին մահացավ ավիավթարից:

Տիեզերանավը տեղափոխում է ավելի քան 3720 կգ պաշար և գիտական ​​սարքավորումներ, այդ թվում՝ աճառի աճեցման փորձերի հավաքածու, որը կարող է օգնել պայքարելու հոդերի վնասվածքների և հիվանդությունների դեմ։ Տիեզերանավը տեղափոխում է նաև Եվրոպական տիեզերական գործակալության նախագիծը, որի շրջանակում կփորձարկվի մետաղների 3D տպագրությունը միկրոձգողականության պայմաններում։

Cygnus-ի թռիչքի շրջանակում կկատարվի նաև մեկ այլ գիտափորձ (Kentucky Reentry Probe Experiment-2), երբ տիեզերանավն իջնի Երկրի մթնոլորտ: Մասնավորապես, կիրականացվեն չափումներ՝ ցուցադրելու տիեզերանավերի ջերմային պաշտպանության համակարգը և դրանց վիճակը Երկրի մթնոլորտ կրկին մտնելու ժամանակ, ինչը դժվար է կրկնօրինակել ցամաքային սիմուլյատորներում:

Cygnus-ը երեք բեռնատար տիեզերանավերից մեկն է, որոնք ներկայումս սպասարկում են ՄՏԿ-ը՝ SpaceX ընկերության Dragon-ի և ռուսական «Прогресс» տիեզերանավերի հետ միասին: Վերջինս, ինչպես Cygnus-ը, մեկանգամյա օգտագործման տիեզերանավ է, մինչդեռ Dragon-ը բազմակի օգտագործման տիեզերանավ է, որը գոյատևում է Երկրի մթնոլորտով անցնելիս և պարաշյուտով հանգիստ ընկնում է օվկիանոս:

 


 
 
 
 
  • Արխիվ