Որքա՞ն է նվազում արևային պանելների արտադրողականությունը երկարաժամկետ հեռանկարում․ հետազոտություն

30 հունվարի, 2024  22:32

ԱՄՆ-ում Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի (NREL) գիտնականները հետազոտություն են անցկացրել գրեթե 2500 արևային էլեկտրակայաններում և պարզել, որ  չնայած մտահոգություններին, ֆոտովոլտային համակարգերից շատերը տարիների ընթացքում նվազագույն վնաս են կրել եղանակային արտակարգ պայմաններից և դրա հետևանքով ենթարկվել են որոշակի դեգրադացիայի, ինչը համապատասխանում է սպասելիքներին։

Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են ԱՄՆ առևտրային և կոմունալ մասշտաբի արևային էլեկտրակայանները, որոնք կառուցվել են 2008-ից 2022 թվականներին: Տվյալներ են ստացվել 37 նահանգի 25,000 ինվերտորներից։ Հետազոտությունն ընդգրկել է գրեթե 8 ԳՎտ ֆոտովոլտային հզորություն՝ հինգ տարի միջին աշխատանքային ժամանակով։ Հաշվի առնելով, որ 2022-ին ԱՄՆ-ում տեղադրված էր 100 ԳՎտ-ից մի փոքր ավելի արևային էներգիայի հզորություն, գիտնականներն ուսումնասիրել են օպերացիոն համակարգերի 10%-ից պակասը մասը: Այնուամենայնիվ, դա ևս բավական է բարձրորակ վիճակագրության համար։

Հետազոտողները պարզել են, որ արևային պանելների արտադրողականությունը նվազել է տարեկան միջինը 0,75%-ով, ինչը նման է նախորդ հետազոտություններում հաղորդված նմանատիպ արժեքներին: Վերլուծությունը ցույց է տվել, որ ավելի տաք կլիմայական գոտիներում համակարգերը երկու անգամ ավելի շատ են կորցրել արտադրողականությունը՝ ավելի սառը կլիմայական համակարգերի համեմատ՝ տարեկան 0,88% և տարեկան 0,48% համապատասխանաբար: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրված համակարգերի 90%-ը տարեկան ունեցել է արտադրողականության 2%-ից պակաս կորուստ:

«Նախ՝ սա ցույց է տալիս, որ մեր ֆոտովոլտային պարկը, որպես ամբողջություն, աղետալիորեն չի ձախողվում, այլ ավելի շուտ դեգրադացվում է համեստ արագությամբ՝ սպասելիքների սահմաններում,- նշել են գիտնականները,- Կարևոր է, որ մենք սահմանենք այս չափանիշը հնարավորինս ճշգրիտ, քանի որ այս փոքր, բայց զգալի թիվն օգտագործվում է գրեթե բոլոր ֆինանսական համաձայնագրերում, որոնք ֆինանսավորում են արևային նախագծերը»:

Ուսումնասիրված համակարգերի մեծ մասում կարճաժամկետ ազդեցությունը եղանակային արտակարգ պայմաններում, ինչպիսիք են ջրհեղեղները, ուժեղ քամիները, կարկուտը, անտառային հրդեհները և կայծակները, նվազագույն է եղել: Եղանակային արտակարգ իրադարձություններից հետո անջատման միջին տևողությունը երկուսից չորս օր է եղել, ինչը հանգեցրել է տարեկան արտադրության միջինը 1% անկման:

Ըստ հետազոտության՝ եղանակային պայմանները, որոնք կրիտիկական կլինեն արևային էլեկտրակայանների գոյատևման համար, կառաջանան 25 մմ-ից ավելի մեծ կարկուտի, 90 կմ/ժ-ից ավելի ուժեղ քամու և 1 մ-ից ավելի ձյան ծածկույթի դեպքում: Նման պայմաններում արևային մարտկոցները ավելի հաճախ են վնասվում, և նման պանելներ արտադրողները պետք է ուշադրություն դարձնեն, եթե ցանկանում են բարելավել իրենց արտադրանքի հուսալիությունը:

«Մենք չենք հավատում, որ այս վերլուծություններից որևէ մեկը ցույց է տալիս, որ ֆոտովոլտային համակարգերն անվստահելի են կամ հատկապես խոցելի են եղանակային արտակարգ պայմանների դեպքում: Ֆոտովոլտային համակարգերը ցույց են տվել, որ դրանք կարող են ապահովել պահեստային էներգիա և փրկել կյանքեր, երբ շրջակա ենթակառուցվածքը վնասվում է եղանակային արտակարգ պատահարներից, ասել է NREL-ի հետազոտող Դիրկ Ջորդանը,- Սակայն, կան հետագա քայլեր, որոնք մենք կարող ենք ձեռնարկել՝ բարելավելու սարքավորումների որակը և հատկապես տեղադրման առաջադեմ մեթոդները՝ եղանակային այս իրադարձությունների նկատմամբ կայունությունը բարելավելու համար»:

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արևային մարտկոցների վրա կարելի է հույս դնել վերականգնվող էներգիային անցնելու ժամանակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արևային էլեկտրակայաններում համատարած ճաքում է վահանակների ապակին և պատճառը դեռ հայտնի չէ։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ