NASA-ն Մարսի վրա լճի հետքեր է հայտնաբերել

29 հունվարի, 2024  22:31

NASA-ի Perseverance մարսագնացը հայտնաբերել է Մարսի վրա նախկինում գոյություն ունեցած լճային նստվածքների մասին վկայող ապացույցներ, որոնք գտնվել են Ջեզերոյի խառնարանում: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) և Օսլոյի համալսարանի գիտնականների կատարած հետազոտական աշխատանքը հրապարակվել է Science Advances ամսագրում, գրում է Reuters-ը։

Սարքը հողը հետազոտել է RIMFAX ռադարի միջոցով, որի շնորհիվ գիտնականները ստացել են 20 մետր խորությամբ մակերևույթի պատկերը: Հայտնաբերված ժայռերի շերտերը անսխալ ապացույցներ են տալիս այն մասին, որ հողի նստվածքները, որոնք տեղափոխվել են ջրի միջոցով, հայտնվել են Ջեզերոյի խառնարանում շնորհիվ գետի, որի միջոցով էլ այնտեղ առաջացել է լիճ:

Ուսումնասիրությունը հաստատել է ավելի վաղ արված եզրակացությունները, որոնք հիմնված են ուղեծրային պատկերների և այլ տվյալների վրա: Սա ենթադրում է, որ Մարսի որոշ տարածքներ ժամանակին ծածկված են եղել ջրով, որում մանրէաբանական կյանք է եղել, այսինքն՝ այժմյան անշունչ և չոր մոլորակը ժամանակին եղել է տաք, խոնավ և բնակելի։

Գիտնականները սպասում են մարսագնացի հավաքած նմուշներն ստանալուն, որպեսզի դրանք մանրակրկիտ ուսումնասիրեն: Հետազոտողները կարծում են, որ լճի առկայության մասին վկայող նստվածքները գոյացել են մոտ 3 միլիարդ տարի առաջ։

NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը կանխատեսել է, որ առաջին մարդիկ Մարսի վրա կարող են վայրէջք կատարել արդեն 2040-ին: Նա նաև նշել է, որ դեպի Լուսին մեկնելը մի քանի օր է տևում, իսկ Մարս հասնելու համար կպահանջվի յոթից ութ տարի:

SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն իր հերթին կարծում է, որ Մարսի վրա մարդը կարող է վայրէջք կատարել առաջիկա տասը տարվա ընթացքում: Նախկինում նա խոստացել էր, որ առաջին բեռնատար առաքելությունն այս մոլորակ կուղարկվի 2022-ին, իսկ 2050-ին այնտեղ կկառուցվի 1 մլն բնակչությամբ քաղաք։


 
 
 
 
  • Արխիվ