Մարսյան Ingenuity ուղղաթիռը վնասվել է․ NASA-ն առաքելությունը հայտարարել է ավարտված

26 հունվարի, 2024  14:25

Մարսի վրա Ամերիկյան օդատիեզերական գործակալության (NASA) Ingenuity ուղղաթիռի առաքելությունն ավարտվել է․ այս տարվա հունվարի 18-ին իրականացրած վերջին թռիչքի ժամանակ վնասվել է ուղղաթիռի թևերից մեկը: Հունվարի 25-ին իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում NASA-ն հայտարարել է, որ սարքն այլևս ի վիճակի չէ թռչել:  

«Այլ մոլորակի վրա առաջին թռչող սարքի՝ Ingenuity-ի պատմական արկածն ավարտվեց: Այս զարմանահրաշ ուղղաթիռը թռչել է ավելի բարձր և ավելի երկար տարածություն, քան մենք երբևէ կարող էին պատկերացնել և NASA-ին օգնեց հնարավոր դարձնել անհնարինը: Ingenuity-ի նման առաքելությունները NASA-ին թույլ են տալիս ճանապարհ հարթել տիեզերական ապագա թռիչքների համար, ինչպես նաև ավելի լավ նախապատրաստվել Մարսի և արեգակնային համակարգի այլ օբյեկտների ապագա հետազոտությանը»,- ասել է NASA-ի օդատիեզերական գործակալության ղեկավար Բիլ Նելսոնը:

Ingenuity ուղղաթիռը NASA-ի Perseverance մարսագնացի հետ միասին Մարսի Ջեզերո խառնարան է ուղարկվել 2021-ի փետրվարին: 1,8 կգ քաշով ուղղաթիռի հիմնական խնդիրն էր ցույց տալ նման սարքերի կիրառման հնարավորությունը մարսյան մթնոլորտում։ Եվ դա նա հաջողությամբ ապացուցեց նույն տարվա գարնան առաջին հինգ թռիչքների ժամանակ։  

Դրանից հետո NASA-ն որոշեց երկարաձգել Ingenuity-ի առաքելությունը և ուղղաթիռն օգտագործել որպես հետախուզական մեքենա Perseverance մարսագնացի համար, որը Մարս էր ուղարկվել այնտեղ կյանքի հետքեր փնտրելու և մարսյան հողի նմուշներ հավաքելու նպատակով: Ընդլայնված առաքելության ընթացքում ուղղաթիռը կատարել է ևս 67 թռիչք՝ զգալիորեն գերազանցելով առաքելության գիտնականների և ինժեներների բոլոր ակնկալիքները։

Չնայած Ingenuity-ի առաքելության հիմնական մասը նախատեսված էր ընդամենը 30 օր, ուղղաթիռը շարունակեց Մարսի վրա իր առաքելությունը մոտ երեք տարի: Ուղղաթիռը կատարել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 72 թռիչք, որոնց ընթացքում այն Կարմիր մոլորակի մթնոլորտում անցկացրել է 129 րոպե և հաղթահարել 17,7 կմ հեռավորություն:

Ցավոք, Ingenuity-ն իր վերջին թռիչքի ժամանակ՝ հունվարի 18-ին, խնդիրներ ունեցավ: Վայրէջքից անմիջապես առաջ կապը ժամանակավորապես կորել էր Perseverance-ի և ուղղաթիռի միջև: Հետագայում Երկրի վրա գտնվող հրամանատարական կենտրոնը կարողացավ վերականգնել կապը թռչող սարքի հետ, սակայն հունվարի 18-ին ստացված լուսանկարները ցույց տվեցին, որ սարքի չորս թևերից մեկը կամ մի քանիսը «վնասվել են վայրէջքի ժամանակ»։ 


 
 
 
 
  • Արխիվ