Մարսյան ուղղաթիռը չի կործանվել. NASA-ն վերականգնել է կապը Ingenuity-ի հետ և պարզում է միջադեպի պատճառները

22 հունվարի, 2024  18:11

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հայտարարել է, որ վերականգնել է Մարսի վրա գտնվող Ingenuity ուղղաթիռի հետ կապը, որն անսպասելիորեն ընդհատվել էր Կարմիր մոլորակի մակերևույթի վրա հերթական՝ 72-րդ թռիչքի ժամանակ։

Ingenuity-ն անհայտ պատճառով ժամանակից շուտ էր կատարել նշված թռիչքը, և ամերիկյան տիեզերական գործակալության մասնագետներն այս անգամ ցանկացել են ստուգել ուղղաթիռի համակարգերը։

«Լավ լուր ունենք այսօր. մենք վերականգնել ենք կապը Մարսի ուղղաթիռի հետ այն բանից հետո, երբ NASA-ի Perseverance մասրագնացին հրահանգեցինք երկար ժամանակահատված հետևել Ingenuity-ի ազդանշանին»,- հայտարարել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան (JPL)՝ հավելելով, որ իր գիտնականներն այժմ ուսումնասիրում են նոր տվյալները, որպեսզի ավելի լավ հասկանան 72-րդ թռիչքի ժամանակ կապի անսպասելի կորստի պատճառը։

Ingenuity-ի հետ կապի կորուստ NASA-ի մասնագետները նախկինում ևս ունեցել են: Վերջին անգամ նման բան եղել է այս տարվա մայիսին։ Սակայն դեռ վաղ է ասել, թե այս անգամ ինչ է տեղի ունեցել կապի հետ:

Ingenuity-ն Մարսի վրա աշխատում է շատ ավելի երկար, քան նախատեսված էր ի սկզբանե։ 2023-ի դեկտեմբերին լրացել է Մարսի վրա այս ուղղաթիռի 1000-րդ օրը։ Նույն ամսում ՝ Ingenuity-ն սահմանել է Մարսի վրա ամենաերկար թռիչքի նոր ռեկորդ: Ի սկզբանե ենթադրվում էր, որ Ingenuity-ն ընդամենը հինգ թռիչք կկատարի, որպեսզի ցույց տա Մարսի վրա ռոտոկրաֆտով աշխատող սարք օգտագործելու հնարավորությունը: Ingenuity-ն Մարսի վրա է 2021-ի փետրվարի 18-ից։


 
 
 
 
  • Արխիվ