Արևի վրա գրեթե միաժամանակ 2 հզոր բռնկում է տեղի ունեցել

25 հունվարի, 2024  22:24

Օրերս արևի վրա «գրեթե միաժամանակ» երկու հզոր բռնկում է տեղի ունեցել երկու տարբեր բծերից, որոնք գտնվում էին Արեգակի հակառակ կիսագնդերում: Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, չափազանց հազվադեպ այս երևույթը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մոտենում ենք արևի ակտիվության 11-ամյա շրջափուլի գագաթնակետին։

Բռնկումները տեղի են ունեցել հունվարի 22-ին՝ Երևանի ժամանակով 19։30 (EST 22:30), արևի AR3559 և AR3561 բծերից, որոնց այդ ժամանակ բաժանում էր մոտ 500,000 կիլոմետր, այսինքն՝ դրանք միմյանցից ավելի հեռու էին, քան Լուսնը և Երկիրը։

Ինչպես տեղեկացնում է Spaceweather.com-ը, բռնկումները եղել են M5.1 մագնիտուդ հզորության, որը երկրորդ ամենահզոր բռնկումն է, որ կարող է տեղի ունենալ արևի վրա։ Դրանք նաև բարձր էներգիայի մասնիկների ալիք են առաջացրել դեպի Երկիր, և երբ այն բախվել է Երկրի մագնիսական դաշտին, Ինդոնեզիայի և Ավստրալիայի որոշ մասերում 30 րոպեով կապի խափանում է տեղի ունեցել։

Looped video footage of two solar flares exploding from different parts f the sun at the same time

Արեգակնային բռնկումները կարող են նաև տիեզերք արձակել մագնիսացված պլազմայի արագ շարժվող ամպեր, որոնք հայտնի են որպես արեգակնային պսակի զանգվածային արտանետումներ։ Դրանք կարող են թափանցել Երկիր և առաջացնել գեոմագնիսական փոթորիկներ, որոնք ստեղծում են գունավոր բևեռափայլեր: Սակայն այս զույգ բռնկումների հետևանքով արեգակնային պսակի զանգվածային արտանետումներ տեղի չեն ունեցել։

Արեգակնային բռնկումները երբեմն կարող են տեղի ունենալ արևային նույն բծից և արագ հաջորդականությամբ: Սա կարող է առաջացնել «կանիբալ» արտանետումներ, եթե բռնկումները երկուսն էլ արևային ժայթքումներ են առաջացնում, որոնք հետագայում միաձուլվում են և դառնում արևային ավելի մեծ փոթորիկ:

Նախկինում գիտնականները ենթադրում էին, որ միաժամանակ տեղի ունեցող բռնկումները պարզապես անսովոր պատահականություն են: Սակայն 2002-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բռնկման երկու կետերն իրականում կապված են միմյանց հետ, կամ ավելի ճիշտ՝ դրանց արեգակնային բծերը կապված են մագնիսական դաշտի զանգվածային, անտեսանելի օղակների միջոցով, որոնք աղեղ են կազմում Արեգակի շուրջը: Հետևաբար, բռնկումները կարելի է համարել որպես մեկ պայթյունի երկու մաս:

Ըստ այդ հետազոտության՝ զույգ բռնկման դեպքում բաղադրիչների պայթյունները կարող են տեղի ունենալ մինչև 30 րոպե միջակայքով: Թե կոնկրետ ժամանակային ինչ միջակայքով են տեղի ունեցել նոր բռնկումները, հասկանալի չէ, սակայն, ըստ NASA-ի Solar Dynamics Observatory-ի նկարահանած կադրերի, միջակայքը կազմել է, հավանաբար, ընդամենը մի քանի րոպե, եթե ոչ վայրկյան:

Ըստ 2022-ի մի ուսումնասիրության, որի շրջանակում վերլուծվել են արևի բռնկումների 40 տարվա տվյալները, Արեգակի զույգ բռնկումները չափազանց հազվադեպ են, սակայն դրանք կարող են ավելի տարածված դառնալ արևի ակտիվության շրջափուլի գագաթնակետի ժամանակ, երբ Արեգակի մագնիսական դաշտը սկսում է քայքայվել:

Նշենք, որ արեգակնային ակտիվությունն արագորեն աճել է վերջին 12 ամիսներին: Այս ընթացքում նկատվել է արեգակնային բծերի քանակի և չափերի ավելացում, ինչպես նաև արևի ավելի հաճախակի և հզոր բռնկումներ: 


 
 
 
 
  • Արխիվ