Սկաֆանդրները, որոնցով մարդիկ 2026-ին կիջնեն Լուսնի վրա, կրիտիկական փորձարկումներ կանցնեն

25 հունվարի, 2024  18:33

Ամերիկյան Axiom Space ընկերությունը նախատեսում է սկաֆանդրների կրիտիկական փորձարկումներ անցկացնել, որով NASA-ի 2026-ին նախատեսված Artemis III առաքելության մասնակիցները պետք է թռչեն Լուսին և վայրէջք կատարեն դրա մակերեսին։

Ինչպես հաղորդվում է Axiom Space-ի պաշտոնական կայքում, դեռ 2023-ին ընկերությունը ներկայացրել է Axiom Extravehicle Mobility Unit (AxEMU) պաշտպանիչ հանդերձանքի նախատիպը, որով հնարավոր կլինի ոչ միայն վայրէջք կատարել Լուսնի վրա, այլև աշխատել բաց տիեզերքում։ AxEMU-ի մշակմանը մասնակցել են մեծ թվով արդյունաբերական կազմակերպություններ, ներառյալ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են KBR-ը, Air-Lock-ը, Arrow Science and Technology-ն, David Clark Company-ն, Paragon Space Development Corporation-ը և այլն:

Ակնկալվում է, որ AxEMU-ն ավելի ճկուն կլինի, քան հին հանդերձանքները, որոնք օգտագործվել են 1960-ականների և 1970-ականների Apollo առաքելությունների ժամանակ: Միևնույն ժամանակ, տիեզերական հանդերձանքը պետք է ապահովի ցրտից ավելի շատ պաշտպանվածություն, քանի որ Արտեմիս III առաքելության շրջանակում տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի հարավային բևեռի մոտ, որտեղ կարող են լինել սառցե նստվածքներ: Ըստ մշակողների՝ այս հանդերձանքը կրող տիեզերագնացը Լուսնի մշտապես ստվերված հատվածներում կկարողանա մնալ երկու ժամ կամ ավելի։  

Առաջիկա երկու տարիների ընթացքում Axiom Space-ը նախատեսում է AxEMU-ն փորձարկել անօդ վակուումային խցերում՝ նմանակելով անօդ տարածության ազդեցությունը: Տիեզերական հանդերձանքը նաև ստորջրյա փորձարկումներ կանցնի NASA-ի հատուկ լողավազանում (Neutral Buoyancy Lab), որտեղ տիեզերագնացները մարզվում են բաց տիեզերքում առաջադրանքներ կատարելու նպատակով։

Նշենք, որ սկաֆանդրի նախատիպը, որը ցուցադրվել է անցյալ տարի, պատրաստվել է կապույտ, սև և նարնջագույն գույներով, որոնք Axiom-ի ֆիրմային գույներն են: Սակայն իրական հանդերձանքը, որ տիեզերագնացները կհագնեն Լուսին մեկնելիս, կունենա սպիտակ ծածկույթ, որն արտացոլում է ջերմությունը և պաշտպանում է ծայրահեղ բարձր ջերմաստիճաններից ու արևային ճառագայթման ազդեցությունից։


 
 
 
 
  • Արխիվ